ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ մայրը «Արմֆարմացիա» ընկերության բաժնետեր է։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները զբաղվում են Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Ըստ պարբերականի` իրավապահները տվյալներ ունեն, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է:
«Առողջապահության նախարարությունը բոլոր գնումներն իրականացնում է բաց, թափանցիկ, «Գնումների մասին ՀՀ օրենքի» համապատասխան։ Ընկերությունները հավասար ձևով մասնակցում են մրցույթներին, և ամենաբարենպաստ գին առաջարկողները հաղթում են։ Մրցույթների իրականացման պրոցեսը բաց է, դուք ինքներդ կարող եք տեսնել»,–ասաց Ավանեսյանը` բացառելով, որ ինքը կարող է որևէ ազդեցություն ունենալ «Արմֆարմացիայի» աշխատանքի հարցում։
Ավանեսյանը նշեց, որ ընկերությունը 1990-ականներից է գործում և մասնակցում մրցույթներին։ Ավելին` լրագրողներն ու հետաքննող կազմակերպությունները 2020-ից «Արմֆարմացիա» ընկերության գնումների, կապերի մանրակրկիտ քննություն են իրականացրել։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխող ուժը դժգոհ է Ավանեսյանի աշխատանքից, և չի բացառվում, որ նա կարող է առաջիկայում հրաժարական տալ, ապա Ավանեսյանը նշեց` հրաժարականի մտադրություն չունի։
Ի պատասխան լուրերի, թե ՊՎԾ-ն ստուգումեր է իրականացնում նախարարության ենթակա կառույցներում, նախարարն արձագանքեց` ՊՎԾ–ն վերջին 2 տարիների ընթացքում մշտապես ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում և այլ տեղերում ևս։