Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի մոտ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Զինծառայող
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այս գիշեր կրակ են բացել երկու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) և Սրաշենի (Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։