Կախարդական մի բան է այս հողի վրա գտնվելը. զրույց կանադահայ դաշնակահար Սերուժ Գրաջյանի հետ

Sputnik
«Գրեմմի» մրցանակի առաջադրված և «Juno» մրցանակակիր, կանադահայ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է 16 տարի անց կրկին Հայաստան գալու և նոր համերգային ծրագրի, «Գրեմմի» մրցանակին ներկայացված լինելու և իր առաջին ունկնդիրների մասին։ Անվանի դաշնակահարը խոստովանել է, որ հայաստանյան հանդիսատեսի առջև ելույթ ունենալը քննության պես մի բան է։ Երաժիշտը բացահայտել է իր անվան գաղտնիքը, խոսել նաև այս բախտորոշ ժամանակաշրջանում հայ ազգին զորացած տեսնելու մեծ ցանկության մասին։
- Ավելի քան 16 տարի առաջ եք վերջին անգամ եղել Հայաստանում։ Ինչպիսի՞ն այն գտաք այս անգամ։
- Ինձ գրեթե հանցավոր եմ զգում այդ երկարատև բացակայության համար։ Այդ ընթացքում երկու զավակ ունեցա։ Ու թեև կյանքն ինձ չէր բերում Հայաստան, ես ամենօրյա ռեժիմով հետևել եմ Հայաստանի անցուդարձին։ Մի գրառում եմ թողել «Ֆեյսբուքում». «Հայաստանում կյանք կա»։ Ես տարբերակում եմ այն արտերկրի կյանքից, ուր ես ապրել եմ՝ Տորոնտո, Լոս-Անջելես․․․ Այստեղ հանդիպում եմ հիանալի մարդկային հարաբերությունների, մարդկանց, որոնք պատրաստ են իրենց սիրտը բացել, կիսվել իրենց եռանդով, էներգիայով։ Երևանն էլ դարձել է փոքրիկ եվրոպական քաղաք։
- Ձեր նշանաբանն է՝ «Երաժիշտներն առանց սահմանների»։ Իսկապե՞ս համոզված եք, որ երաժշտությունը կարող է չեզոքացնել անգամ թշնամանքը մարդկանց միջև։
- Կարող է, նայած, թե ազգի որ խավի հետ գործ ունես։ Ազգեր կան, որ, դժբախտաբար, ատելությունը սովորեցնում են մանկությունից, և դա դժբախտություն է նախևառաջ իրենց համար։ Երբ ասում եմ՝ երաժշտություն առանց սահմանների, նկատի չունեմ միայն աշխարհագրական կամ ազգային սահմանները, խոսքը նաև ոճային սահմանների մասին է։ Ուզում եմ` հանդիսատեսը տեսնի զանազան երաժշտական ոճեր ու համերգի վերջում շնչահեղձ լինի նման խառնուրդից։ Ինձ համար նաև երազանք է, որ երաժշտությունը լինի ազգերի խաղաղության արմատը։
- Սփյուռքում հայ մնալու խնդիր կա՞, թե՞ այսօր փոխվել են գերակա խնդիրները։
- Ես միշտ ասում եմ` ինձ համար հարստություն է հայ լինելը, հայ մշակույթը, հայոց պատմությունը։ Ես, ինչպես և ծնողներս, սփյուռքում ենք ծնվել։ Մեզ համար, երբ հաճախում էինք Լիբանանում դպրոց, կախարդական ձևով էին ներկայացնում Հայաստանը, որն այն տարիներին անգամ անկախ չէր, բայց մեզ համար հայրենիքի զգացողությունը գերագույնն էր։ Լիբանանում շրջապատված լինելով այլ ազգերով ու կրոններով, դա մեզ հայ պահեց` հպարտ հայ, սովորեցրեց գիտակցել հայի արժեքը։ Ես ուզում եմ, որ հայկական երաժշտությունը մեկնաբանվի օտարների կողմից, որպեսզի տեսնենք, թե օտարները ինչպես են զգում հայ երաժշտության արժեքը։ Եվ եթե օտարներն են զգում այդ արժեքը, մենք` որպես հայ, իրավունք չունենք այն նսեմացնել կամ մոռանալ։
- Հայրենիքից դուրս ավելի հայտնի լինելու փաստին ինչպե՞ս եք վերաբերվում։
- Ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի։ Կանադայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, այո՛, ավելի մեծ ճանաչում ունեմ, բայց կարծում եմ` ճիշտ ժամանակը հիմա է, որ կրկին վերադառնամ հայրենիք, և հաջորդ այցս չպետք է լինի ո՛չ 16 տարի, և ո՛չ էլ անգամ 16 ամիս անց։
- Հեղինակավոր «Գրեմմիին» առաջադրված լինելու հանգամանքը ի՞նչ է փոխել Ձեր կյանքում։
- Շատ բան է փոխել։ Այդ ձայնագրության համար էի 2006–ին Հայաստանում։ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրեցինք Կոմիտասի երգերը` առաջին անգամ մշակված նվագախմբի ու ձայնի համար։ Որոշեցինք փոքրիկ համերգ կազմակերպել։ Ես շատ հուզված էի, քանի որ Կոմիտաս վերամշակելը մեծ պատասխանատվություն է։ Համերգի հյուրերի մեջ էր Օհան Դուրյանը, որն ավարտին եկավ և ասաց, որ շատ մեծ գործ եմ արել։ Դա օրհնության պես մի բան էր։ Մեկ տարի անց ձայնագրությունը թողարկվեց և ծրագրեցինք համերգային շրջագայություն ամենահեղինակավոր համերգասրահներում, որտեղ 80-90%–ն այլ ազգերի հանդիսատես էր, որն առաջին անգամ պետք է լսեր Կոմիտաս։ Այդ տարվա դեկտեմբերին ներկայացվեցի «Գրեմմիի» մրցանակին։ 5 հավակնորդ կար յուրաքանչյուր անվանակարգում։ Ինձ համար մեծ հպարտություն էր ներկայանալ Կոմիտասով, որը, լինելով ազգային երգահան, հասավ այդ հարթակին։
- Իսկ բացի Ձեզնից, Ձեր ստեղծագործությունները կատարո՞ւմ են այլ դաշնակահարներ։
- Զարմանալի մի բան ասեմ. դաշնամուրի համար գործերս գրի չեմ առնում, մտքում եմ պահում, ինչն անհնարին է դարձնում մյուսների համար կատարումը։ Երբ կամերային կամ անսամբլային գործ եմ գրում, բոլոր գործիքների պարտիաները գրում եմ, բացի դաշնամուրից, քանի որ ինքս եմ կատարում։ Պարզապես ժամանակ չեմ ունենում, բայց հուսամ` մի քանի ամիս ոչինչ չեմ անելու, միայն գրառելու եմ դաշնամուրային պարտիաները։
- Ասում եք՝ նոր երաժշտություն ստեղծելը զավակ ունենալու պես մի բան է։ Ո՞ւմ եք առաջին հերթին ցույց տալիս նոր գործը, ո՞ւմ հետ եք կիսում արարման ուրախությունը։
- Ընտանիքիս անդամների, զավակներիս հետ։ Նախընտրում եմ ոչ երաժիշտների կարծիքը, որ առանց մասնագիտական վերլուծության լսեն ու պատմեն իրենց զգացողություններից՝ սիրեցին, չսիրեցին, որտեղ տարավ իրենց այդ մի քանի րոպեն։ Մյուս գլխավոր ունկնդիրները փոքրիկներս են, չէ՞ որ երեխաները շատ անկեղծ են։ Մանավանդ այս դարաշրջանում, երբ «կենտրոնացում» ասվածը չկա՝ ընդամենը 4-5 վայրկյան է։
- Համագործակցե՞լ եք հայ անվանի երաժիշտների հետ։
- Շատ եմ համագործակցել ջութակահար Արա Մալիքյանի հետ, որը նույնպես ծնվել է Լիբանանում, բայց այնտեղ չենք հանդիպել, այլև Գերմանիայում՝ Հաննովեր քաղաքում, պատահաբար։ Արան դարձել է իմ ներշնչման աղբյուրը, նրան հաջողվում է համադրել երաժշտությունը խենթության հետ, և ստացվում է խելահեղ մի բան։ Սկզբում նվագել ենք խիստ դասական գործեր, ինչպես նաև հայաստանյան և սփյուռքահայ կոմպոզիտորների գործեր։ Վերջերս խոսել եմ իր հետ ու ասել, որ պետք է գա Հայաստան և միասին համերգ ունենանք։
- Մի առիթով ասել եք՝ ներշնչման աղբյուրները տարիների ընթացքում փոխվում են։ Ի՞նչն է Ձեզ ներշնչում հիմա։
- Առաջին վայրկյանից այնքան մեծ ուրախություն եմ զգում այստեղ, ինչպես նաև հայաստանյան նվագախմբի երաժիշտներից, որոնց չեմ ճանաչել, ինչը շատ մեծ ռիսկ է երաժշտի համար։ Այնքան մեծ ուրախություն եմ զգում, որ չեմ զգում հոգնածություն։ Կախարդական մի բան է այս հողի վրա գտնվելը, և դա ինձ ամբողջացնում է որպես մարդ և որպես հայ։
- Բացեք, խնդրեմ, Ձեր անվան գաղտնիքը։
- Ծնվել եմ ապրիլի 24-ին` մեր ժողովրդի համար բախտորոշ մի օր։ Ծնողներս որոշել են մեկտեղել երկու բառերն ու ստեղծել իմ անունը՝ սեր և ուժ՝ Սերուժ, և ես տարիքով ամենամեծ Սերուժն եմ։ Հիմա կրկին բախտորոշ շրջան է մեր ազգի ու հայրենիքի համար։ Պետք չէ լինել ոչ՛ անհիմն լավատես, ո՛չ էլ հոռետես։ Մենք մեզ ո՛չ գերագնահատենք, ո՛չ էլ թերագնահատենք։ Թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի մեջ կարիք ունենք թե՛ սիրո, թե՛ ուժի։ Մենք պետք է զորանանք, և ամենակարևորը` զորացնենք միմյանց։ Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց ես ուզում եմ հայի մեջ տեսնել հայրենասեր տեսակը։ Մենք մեծ գանձ ունենք՝ մեր հայրենիքը՝ մեր Հայաստանը, մեր Արցախը, և իրավունք չունենք դրանք կորցնելու։
- Մտածե՞լ եք Հայաստան տեղափոխվելու մասին։
- Միշտ մտածում եմ։ Կյանքն ինքն է որոշում՝ որտեղ պետք է լինի մարդը, որ չափով, բայց երազում եմ, որ տարվա մեծ մասն անցնի այստեղ` Հայաստանում։
Այս երկիրը միայն «Սուսերով պարը» չէ․ ինչպես Ելենա Յակովլևան սիրահարվեց Հայաստանին