ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ելույթներից հետո որոշեցին մոմեր վառել տոնածառի մոտ։ Ոստիկանները սկզբում արգելեցին։
«Սա սգո արարողություն չէ, այլ պայքարի ջահ»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ոստիկանները թույլ տվեցին, որ մոմեր վառեն, բայց արգելեցին շատ մոտենալ հանրապետության գլխավոր տոնածառին` ասելով, որ դա անում են անվտանգության նկատառումներով։
Մասնակիցները վառվող մոմերով «գրեցին» Արցախ։ Մոմավառությանը մասնակցեց նաև Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։