ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանը կողմ է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և կարծում է, որ այդ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կարող է վտանգավոր լինել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցը մեզ համար շատ կարևոր է։ Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն այդ տարածաշրջանում համարում ենք վտանգավոր և դեմ ենք հանդես գալիս դրան», – ասել է իրանցի դիվանագետը։
Միևնույն ժամանակ Ջալալին ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան–Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։
«Ինչ վերաբերում է «3+3» հարթակին, գիտեք, որ Իրանն այդ ձևաչափի մասնակիցներից մեկն է։ Առաջին հանդիպմանը մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել։ Կարծում ենք, որ այն լավ և բարենպաստ հարթակ է։ Օպտիմալ ենք համարում այն ուղին, որին հակված են այս ձևաչափի բոլոր վեց մասնակիցները, նկատի ունեմ ինչպես երկխոսությունը, գործակցությունը, այնպես էլ բանակցությունները», – ասել է Իրանի դեսպանը։
Հիշեցնենք` «3+3» ձևաչափն առաջարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, իսկ Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ նախաձեռնությանը:
2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։