Հայաստանը նոր հողմակայանների նախագծեր կմշակի Ասիական բանկի ծրագրով

Հողմակայան
Հեռանկարային համարվող տեղանքների համար կկազմվեն կոնկրետ նախագծեր` հաշվի առնելով ծախսերը կիլովատ ժամի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն Ասիական զարգացման բանկի ծրագրով հողմակայանների նոր նախագծեր կմշակի։ Նախագծի նկարագրությունը հրապարակվել է բանկի կայքում։ Ծրագիրը կտևի 24 ամիս, իսկ բանկից ստացած դրամաշնորհի ընդհանուր ծավալը կկազմի 900 հազար դոլարից մի փոքր ավելի։
1990-ականների վերջին և 2000-ականներին Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի և ԱՄՆ կառավարությունների աջակցությամբ մի շարք ծրագրերի շրջանակում Հայաստանի ողջ տարածքով չափվում էր քամու ուժգնությունն ու հաշվարկվում էներգետիկ ներուժը։ Որպես հեռանկարային տեղանքներ առանձնացվել էին Հայաստանի հյուսիսում գտնվող Աշոցք և Տաշիր քաղաքների միջև ընկած Քարախաչի լեռնանցքը, Անգեղակոթ գյուղից քիչ հեռու գտնվող Սիսիանի լեռնանցքի հատվածը, Մաստարա գյուղի մոտ` Արագած լեռան լանջի հատվածը և այլ տեղեր (ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի ներուժ ունեցող ավելի քան 30 տեղանք)։
Հաշվի առնելով սա` մի շարք տեղանքներում ավելի մանրակրկիտ չափագրումներ կիրականացվեն, այնուհետև կկազմվեն տնտեսական հաշվարկները։ Հաշվի կառնվի ոչ միայն քամու ուժգնությունը և հաճախականությունը, այլև շինարարական ծախսերն ու ցանցին միացումը, քանի որ հնարավոր հարթակների մեծ մասը բարձր լեռներում են գտնվում։
Դրա հիման վրա կգնահատվի նախագծերի ընդհանուր արժեքը, ինչպես նաև ազատ շուկայում վաճառքի դեպքում էլեկտրաէներգիայի գինը (քանի որ հանրապետությունն արդեն իսկ անցում է կատարում էլեկտրաէներգիայի ազատ շուկա)։ Կուսումնասիրվի ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումների հնարավորությունը։
Անհրաժեշտ է պարզել նաև, որքանով է էլցանցը պատրաստ աշխատել նման հզորություններով (հաշվի առնելով, որ այդ հզորությունների գեներացիան կայուն չէ և տատանվում է եղանակով կամ սեզոնայնությամբ պայմանավորված)։ Էլեկտրաէներգիայի ազատականացման շուկայի ծրագրի մասնագետների նախնական գնահատականներով` Հայաստանի էներգահամակարգի առավելագույն չափը արևային կայանների համար կազմում է մոտ 1500 մեգավատ, հողմակայանների համար` 500։ Համեմատության համար նշենք, որ այսօր Հայաստանի էներգահամակարգի ընդհանուր հզորությունը շուրջ 3200 մեգավատ է։
Հավելենք, որ Հայաստանում այսօր գործում է փոքր հզորության երկու հողմակայան։ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում դրանք 1.3 մլն կիլովատ ժամ են արտադրել, ինչը գեներացիայի ընդհանուր ծավալում չնչին տոկոս է կազմում։