Արցախի ժողովրդի և իշխանության կողքին եմ. Սամվել Կարապետյանը` Լաչինի միջանցքի փակման մասին

Գործարարը նշել է, որ Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին և իշխանություններին։ Նա նշել է, որ լուրջ մտահոգությամբ հետևում է Բաքվի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։
«Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով տեղակայված խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։ Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով»,– ասված է հայտարությունում։
Կարապետյանն ընդգծել է, որ անկախ նրանից, որ Արցախի վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ։ Նա վստահ է, որ հայի ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր։
Սամվել Կարապետյանը շեշտել է` այսօրվա իրենց բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։