ԱՄՆ–ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Լաչինի միջանցքի փակումը հետաձգում է խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,– ասել է Նեդ Փրայսը։
Ավելի վաղ նա նշել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքների ցանկացած կասեցում, կարող է սրել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամսիներին։ Նա նաև անընդունելի էր համարել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։