Նոր տարվա շեմին կիբեռհանցագործություններն ավելի են ակտիվանում. ինչպե՞ս պաշտպանվել

Կիբեռհանցագործություն
Կիբեռհանցագործներն անընդհատ նոր տարբերակներ են փնտրում խարդախության միջոցով գումարներ աշխատելու համար, և այստեղ միակ հույսը սպառողների տեղեկացվածության, մեդիագրագիտության վրա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Համացանցով գնումների ժամանակ խարդախությունները գնալով ավելի մասսայական բնույթ են ստանում, քանի որ կիբեռհանցագործները տեսնում են, որ հնարավոր է արագ և անպատժելի ճանապարհով գումար վաստակել և օգտվում են դրանից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։
«Հատկապես Նոր տարվա շեմին, երբ մարդիկ փորձում են ինտերնետով նվերներ պատվիրել, նկատվում է նման հանցագործությունների, խաբեությունների կտրուկ աճ»,–ասաց Պապյանը։

Իսկ ինչպես չդառնալ կիբեռհանցագործության զոհ օնլայն գնումներ կատարելիս

Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին գնումներ կատարել վստահելի հարթակներից, որոնք ունեն որոշակի հայտնիություն, ասենք` կոնկրետ բրենդի օնլայն խանութն են։ Իսկ օրինակ` «Ամազոնի» նման հարթակներից գնումների դեպքում` նա հորդորում է ուշադրություն դարձնել վաճառողի ռեյտինգին կամ ապրանքի մեկնաբանություններին և ընտրել համեմատաբար բարձր վարկանիշ և քիչ բողոքարկումներ ունեցող վաճառողների։
«Նաև ուշադրություն դարձրեք, որ այն հարթակը, որից օգտվում եք, ունենա բողոքարկման, խաբեության դեմ պաշտպանության համակարգեր։ Հիշեք` ցանկալի է համացանցում հնարավորինս քիչ անձնական տվյալներ թողնել, չտրամադրել բանկային քարտի հետևի cvv կոդը։ Եթե տեսնում եք, որ սպասվածից շատ տվյալներ են ձեզանից սկսում պահանջել, դադարեցրեք գործարքը։ Եթե հնարավորություն կա դիմեք ինչ-որ մասնագետի` միասին գնումներն արեք, որպեսզի հետո չտուժեք և չհայտնվեք խաբվածի դերում»,–ասաց Պապոյանը։
Մեր զրուցակիցը համացանցով գնումներ կատարելիս խաբեության երեք ուղղություն է առանձնացնում։
Առաջինն այն է, որ քեզնից գումար են գանձում, բայց ապրանքը չեն ուղարկում, որից հետո անվերջ ձգվող բողոքարկման գործընթաց է սկսվում, որը հիմնականում արդյունք չի տալիս։
Երկրորդը` հայտնի բրենդների չինական կրկնօրինակները իբրև իսկական բրենդ վաճառելն է։ Սա կարելի հանդիպել խոշոր օնլայն գնումների հարթակներում` «Ամազոն», «Ebay», «Ալիէքսպերս» և այլն։
Եվ երրորդը ուղղությունը, որն ավելի շատ հանդիպում է հայկական հարթակներում (List.am), երբ ինչ-որ իրեր են վաճառում, հետո սկսում են առաքման հետ կապված պատմություններ պատմել, թե պետք է փոստով ինչ-որ վճարումներ կատարել, որ ապրանքն իրենց հասնի և այդ ժամանակ պահանջում են անձնական կամ քարտի այնպիսի տվյալներ, օրինակ` վճարային քարտի հետևի անվտանգության կոդը, որն արդար գործարքի ժամանակ չեն պահանջի։
Պապոյանը օնլայն խաբեբաներին գտնելը բարդ, երկար և քիչ հավանական գործընթաց է համարում։ Իսկ կիբեռհանցագործության զոհ դառնալու դեպքում էլ հորդորում է պահպանել հետքերը, այսինքն` գնումների մասին սքրինշոթերը, վաճառողի մասին տվյալները և այլն։
«Ցանկալի է դիմել վճարային միջոցի` բանկ կամ վճարային այլ համակարգերին, որպեսզի արագ միջոցներ ձեռնարկեն գործարքը կանխելու, կասեցնելու համար, որոշ դեպքերում հնարավոր է նույնիսկ գումարը հետ վերադարձնել։ Եվ ցանկացած խաբեության, հանցագործության դեպքում պետք է դիմել ոստիկանության համապատասխան բաժիններ»,–ասաց նա։
Ամփոփելով խոսքը` Պապոյանն ընդգծեց, որ կիբեռհանցագործներն անընդհատ նոր տարբերակներ են փնտրում և փնտրելու խարդախության միջոցով գումարներ աշխատելու համար։ Եվ այստեղ միակ հույսը սպառողների տեղեկացվածության, մեդիագրագիտության վրա է. օնլայն հարթակներից գնումները նույնպես ենթադրում են բազային մեդիագրագիտության տարրեր։