ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի առջև բողոքի ակցիա անողները նամակը հանձնեցին կազմակերպության ներկայացուցչին։
Երեկ առավոտից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Այսօր Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ի պաշտպանություն Արցախի։
Բողոքի ակցիային մասնակցում են ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները նույնպես ՄԱԿ-ի գրասենյակի առջև են։ Քանի որ երկու խումբ էր ակցիա իրականացնում, երկու նամակ փոխանցեցին ՄԱԿ–ի գրասենյակ։
Նրանք իրենց նամակներում դիմում են միջազգային հանրությանը` կոչ անելով զերծ մնալ երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծն ու գործիքակազմ կիրառել` կանխելու Արցախում Ադրբեջանի կողմի էթնիկ զտման փորձերը։
Այժմ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։