Խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
«Այսինքն` միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ պաշտպանության բանակի միջև բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո»,–գրել է նա։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Սյունիքում օպերատիվ շտաբ է ստեղծվել. ճանապարհին մնացած անձանց համար թեժ գիծ է գործում
«Այսինքն` Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է»,– գրել է Ռուբինյանը։
Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել
Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։

«Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ»,– ընդգծել է Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։