Կարմիր խաչը օգնություն է տրամադրել Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակիչներին

Արխիվային լուսանկար
Օգնություն է տրամադրվել 459 ընտանիքի։ Նրանք ստացել են 150.000–362.000 դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայկական Կարմիր խաչի ընկերությունն շուրջ 125 մլն դրամ է տրամադրել 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակիչներին։ Այս մասին գրված է Հայկական Կարմիր խաչի ընկերություն ֆեյսբուքյան էջում։
«Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին»,– ասված է հաղորդագրությունում:
Օգնություն է տրամադրվել 459 ընտանիքի։ Նրանք ստացել են 150.000–362.000 դրամ՝ ըստ ընտանիքի անդամների թվի:
Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 դրամ, չորս անձից բաղկացած ընտանիքին՝ 313.500 դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 դրամ։
Հիշեցնենք` ՏԿԵՆ-ը սեպտեմբերի 29-ին հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ընդհանուր առմամբ 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից մոտ 60-ը` ամբողջությամբ։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։