ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով. Ստանո

Թվիթեր Ստանոն իր թվիթերյան էջում գրել է, որ ԵՄ–ն մտահոգված է նաև Արցախում գազամատակարարումների դադարեցման մասին հաղորդագրություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ-ն հետևում է և լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Պիտեր Ստանոն` ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղարը։

«ԵՄ–ն կոչ է անում ԼՂ–ում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է Ստանոն։

Նրա խոսքով` խնդիրները կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:
ԵՄ-ն զսպվածության կոչ է անում և պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոնշյալ ջանքերում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։