Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական 3 գրոհ է հետ մղվել, ոչնչացվել է ավելի քան 30 զինվորական

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
ԼԺՀ–ում մեկ օրում ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական երկու անօդաչու և որսացել HIMARS համազարկային կրակի համակարգերի երկու ռեակտիվ արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Դոնեցկի ուղղությամբ մեկ օրում հետ է մղել ուկրաինական 3 հակագրոհ` ոչնչացնելով ավելի քան 30 զինվորական և 7 միավոր տեխնիկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Կուպյանսկի ուղղությամբ ռուսական հրետանին կրակային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ–ի, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների կուտակման վայրերին և դիրքերին։ Ավելի քան 40 ուկրաինացի զինծառայող և գրոհային ոչնչացվել են», – ասել են գերատեսչությունից։
Բացի այդ, ՊՆ–ում նշել են, որ Կրասնոլիմանսկի ուղղությամբ հրետանու կրակով և ծանր կրականետ համակարգերով ԴԺՀ–ի Տերնի և Յամպոլովկա բնակավայրերի շրջանից կանխվել են Ուկրաինայի գրոհային երեք խմբերի հակագրոհները։
«Հարավային Դոնեցկի ուղղությամբ համալիր կրակային խոցման արդյունքում ձախողվել է ԴԺՀ–ի Պավլովկա բնակավայրի ուղղությամբ ՈւԶՈւ մոտոհետևակային վաշտի հակագրոհի համար ելման շրջանից առաջխաղացման փորձը։ Հակառակորդի մինչև 50 զինծառայող սպանվել և վիրավորվել է», – ասվում է ամփոփագրում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 291-րդ օրը։