Բեռները «Հյուսիս-Հարավ» ճանապարհով Իրանից Վրաստան կհասնեն 2-3 օրում. Իրանում ՀՀ դեսպան

«Հյուսիս–Հարավ» ճանապարհ
Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը խոսել է «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Հյուսիս-Հարավ» մայրուղին զգալիորեն կկրճատի Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը, իրանական նավահանգիստներից դեպի վրացական նավահանգիստներ բեռները կհասնեն 2-3 օրում։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«ՀՀ կառավարությունն այժմ իրականացնում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, որի ավարտից հետո, ըստ փորձագետների գնահատման, 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի Չաբահար, Բանդար Աբբաս և իրանական այլ հարավային նավահանգիստներից բեռները հասցնել Սև ծովի վրացական նավահանգիստներ՝ հետագայում շարունակելով երթուղին դեպի Եվրոպա»,– ասել է դիվանագետը։
Միաժամանակ Ավագյանը տեղեկացրել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է աշխատանքներ տանել վրացի գործընկերների հետ, որպեսզի Վրաստանը մեծացնի ակտիվությունը «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրում։
«Անշուշտ, աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի իրագործման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Մենք այն կարծիքին ենք, որ միջանցքի գործարկմանն ուղղված հետևողական աշխատանքը, հնարավոր տնտեսական օգուտների ուսումնասիրությունը, եվրոպական և ասիական երկրների կողմից հետաքրքրության մեծացումը այս հեռանկարային նախագծի նկատմամբ այն ավելի գրավիչ և շահավետ կդարձնի մեր վրացի գործընկերների համար՝ հաշվի առնելով, որ դրա գործարկմամբ էապես կավելանան վրացական նավահանգիստների միջոցով Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալները»,– ասել է նա։
Նշենք, որ «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կկապի Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով (մուլտիմոդալ փոխադրումներով)։ Գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։
Երբ կավարտվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը. նախարարությունը պարզաբանում է