Նորածիններն այսօր ծնվում են ոչ միայն ծննդատներում, այլև գործարանային արտադրամասերում։ Ճապոնական «Bandai» ձեռնարկությունը (խաղալիքների երրորդ ամենախոշոր արտադրողն է աշխարհում) 1966 թվականի նոյեմբերի 23-ին «լույս աշխարհ բերեց» այսպես կոչված «Տամագոչիին», բայց չի կարելի ասել, որ դրանից հետո մի կողմ քաշվեց։
Այդ ժամանակից ի վեր մեխանիկական երեխաների մի ամբողջ բանակ է խանութներից բնակարաններ տեղափոխվել (վաճառվել է ավելի քան 80 միլիոն պաշտոնական օրինակ` չհաշված մաքսանենգ ճանապարհով վաճառվածները, անթիվ կեղծ օրինակներն ու ամեն տեսակ կլոնները):
Սա անհանգստացնում է ոչ միայն սովորական մարդկանց, այլ նույնիսկ Հռոմի պապին։
Հայրապետը, գործարանային արտադրության «երեխաների» պահանջարկից մտահոգված, նշել է, որ կես դարի ընթացքում անզավակ կանանց թիվը եռապատկվել է, և հիմա 30-ամյա կանանց կեսից ավելին երեխա չունի։
Իհարկե, վիրտուալ ընտանի կենդանիները ծնելիության նվազման միակ պատճառը չեն, բայց ավելի ու ավելի են ազդում դրա վրա, իսկ նոր տեխնոլոգիաները նոր վտանգներ են պարունակում: Այո՛, գրեթե ամենակարող ռոբոտ-մեքենան բոլորին է դուր գալիս, բայց ռոբոտ-երեխան մի փոքր այլ է, և այս հարցը պետք է ոչ միայն Հռոմի պապին մտահոգի, այլև սովորական հայրիկներին ու մայրիկներին, այդ թվում` Հայաստանում։
...Մարդուն մեքենայով փոխարինելու առաջին ցնցումը երևանցիները զգացին անցյալ դարի 50-ականների վերջին, երբ ավտոբուս-տրամվայ-տրոլեյբուսներում կենդանի կոնդուկտորների փոխարեն հայտնվեցին մետաղական դակիչներ, ինչին քնարերգուներն արձագանքեցին տխուր բանաստեղծություններով, իսկ ֆիզիկոսները հայտարարեցին, որ անհնար է կանգնեցնել տեխնիկական առաջընթացը, ուստի հեռացող բնությանը ավելի լավ է առանց արցունքների հրաժեշտ տալ։
Այսպես էլ գնա՜ց-գնա՜ց ու հասավ «Տամագոչիին», երբ երեխան արդեն ոչ թե զգայականության և ֆիզիոլոգիայի համադրություն է, այլ արտադրամասում պատրաստված և սուպերմարկետի համար նախատեսված ապրանք։
– Չեմ կարծում, որ էլեկտրոնային երեխաների տեսքով ապրանքներն իսկապես սպառնում են Հայաստանին, բայց սա այն դեպքն է, որ մենք կարող ենք և նույնիսկ պարտավոր ենք ամբողջ ձայնով գոռալ մեր մասին,- կարծում է մոսկվացի ճարտարապետ Գրիգորի Սանոյանը։
Իսկապես որքա՞ն կարելի է պարծենալ ՏՏ ոլորտում հայերի անսահման հնարավորություններով և ոչ մի էական բանով աչքի չընկնել հայրենիքում։ Մինչդեռ եթե չենք կարողանում դառնալ խաղաղ նպատակներով արհեստական ինտելեկտի ստեղծման օրենսդիրը, ապա կարող ենք գոնե ստեղծողների առաջին շարքերում լինել։ Որպեսզի Հայաստանը հիշեն ոչ միայն Արցախի թեմայով, այլև աշխարհին առաջարկվող բարձր ինտելեկտուալ պրոդուկտներով։ Ե՞րբ ենք սկսելու և ինչո՞վ կարող էինք տարբերվել։
Ֆուտուրոլոգները նշում են, որ մոտակա տասնամյակում մոլորակի տնտեսությունը կարող է անճանաչելիության աստիճան փոխվել, իսկ ռոբոտները մարդկանց դուրս կմղեն գործունեության մի շարք ոլորտներից։ Աշխատատեղերի ընդհանուր ծավալը, որոնք ապագայում կարող են փոխարինվել ռոբոտներով, տարբեր երկրներում կարող է հասնել 30-50 տոկոսի։
– Այսօր աշխարհում միլիոնավոր վարորդներ են աշխատում,- լրագրողներին ասել է ֆուտուրոլոգ Եվգենի Կուզնեցովը,- մինչդեռ լիովին ավտոմատացված ռոբոտամոբիլներն արդեն վստահորեն երթևեկում են և դա անում են բավականին անվտանգ: Օրինակ` «Tesla» ռոբոտը մոտ տասն անգամ պակաս է վթարային իրավիճակում հայտնվում, քան միջին ամերիկացի վարորդը (հայ վարորդների մասին համեստորեն լռենք)։
Մյուս կողմից բազմաթիվ գրասենյակային գործառույթներ են ռոբոտացվում, և դա կազդի միջին որակավորում ունեցող մասնագետների վրա, որոնք զբաղվում են առօրյա աշխատանքով` իրավաբաններ, հաշվապահներ…
Տվյալ թեմայի շուրջ բազմոցային զրույցներում Հայաստանի հեռանկարները հաճախ տիեզերական հեռուներին են ուղղված, մինչդեռ, եթե հողին կանգնենք, կարելի է բազմաթիվ բաներ տեսնել, որոնց մասին հայերը կարող էին ոչ թե մտածել, այլ արդեն անել։ Օրինակ` խոտհնձիչ ռոբոտ, բույսեր ջրող ռոբոտ, ծանրություններ տեղափոխող ռոբոտ և նույնիսկ սոխ կտրտող ռոբոտ։
Կամ մեկ այլ բան, շատ պետքական, շատ կարևոր։ Վերջերս Երևանում տեղի ունեցավ Վլադիմիր Սպիվակովի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգը ի աջակցություն «Զինվորի տանը» բուժվող զինվորների։ Համերգի ավարտին նախկին զինվորները բեմ բարձրացան և քոչարի պարեցին անվանի դիրիժորի հետ։ Ոչ մի առանձնահատուկ բան, եթե պարը պրոթեզ-ոտքերով չլիներ: Նվեր ստացած։
Այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 հազար մարդ կա։ Դա շատ է, բայց կարող է ավելի շատանալ. կախված է մասնավորապես այն բանից, թե Ադրբեջանի հետ նոր պատերազմ կլինի , թե ոչ։ Բայց ինչևէ։
— Խորհրդային տարիներին,- անսպասելի զուգահեռ է անցկացնում տաքսու տարեց վարորդ Լևոն Սահակյանը,- հայկական «Մասիս» ֆիրմայի կոշիկներն ամբողջ սովետի տարածքում ձեռքից ձեռք էին տանում: Ես հասկանում եմ, որ կոշիկ կարելն ավելի հեշտ է, քան պրոթեզ պատրաստելը, բայց մի՞թե չենք կարող, եթե իսկապես ցանկանանք: Հա՛, մեր ժամանակների պրոթեզները նույնիսկ մոտավոր նման չեն նրանց, որոնք կրում էր լեգենդար խորհրդային օդաչու Ալեքսեյ Մարեսևը, բայց մենք էլ այսօր բոլորովին ուրիշ ենք. շատ բան գիտենք, շատ բան ենք ուզում, շատ բան ենք կարողանում...
…Նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս նաև այն ոլորտներում, որոնք կապված են նոր ռոբոտացված էներգետիկայի հետ։ Օրինակ` արևային և քամու էներգետիկայի, որտեղ, ըստ մասնագետների, ավելի շատ մարդիկ են պետք (երբեմն` 10-20 անգամ), քան ավանդականում:
Հայաստանը արևի երկիր է, բայց ոչ միայն։ Ընդունված է համարել, որ նաև խելացիների և հմուտների երկիր է։ Գործելու ժամանակն է, հաստատելու ժամանակն է։ Վաղուց ժամանակն է։