Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը

Յուրի Գագարին
Անձնական գործը պահվել է Ռոսկոսմոսի կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» մակագրությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անձնական գործը գաղտնազերծվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսկոսմի «Ռուսկի Կոսմոս» ամսագրին։
«Ռոսկոսմոսի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերին փաստաթղթից հանվել է գաղտնիության կնիքը, և այն այժմ հասանելի է հետազոտողներին»,– գրված է ամսագրում։
Նշվում է, որ խորհրդային տարիներին անձնական գործ է կազմվել յուրաքանչյուր անձի համար, երբ նա սկսել է կրթություն ստանալ կամ աշխատել։
Գագարինի անձնական գործը պահվել է Ռոսկոսմոսի կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» մակագրությամբ, և հասանելի չի եղել անգամ աշխատակիցներին։
Փաստաթուղթը բացահայտում է, թե երբ է Գագարինը կոմերիտմիության անդամ դարձել և կուսակցական տոմս ստացել` 1949 թվականի դեկտեմբեր և 1960 թվականի հունիս:
Բացի այդ, տվյալներ կան օդային ակումբում, այնուհետև ավիացիոն դպրոցում սովորելու, Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայում ծառայելու և թիվ 26266 զորամասում (տիեզերագնացների վերապատրաստման կենտրոն) պատրաստություն անցնելու մասին: Գաղտնազերծվել են նաև ընտանեկան կարգավիճակի, պարգևների մասին տեղեկությունները։
Պարզվում է` Գագարինն ունեցել է բասկետբոլային մրցավարի առաջին կարգ, և ապագա տիեզերագնացը յոթերորդ դասարանից այլևս չի սովորել իր հայրենի Գժատսկում. նա Մոսկվայում արհեստագործական ուսումնարան է ընդունվել, քանի որ ծնողները նյութական բավարար միջոցներ չեն ունեցել։
Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին