«Բնակապահովման սերտիֆիկատը գլխացավանք է դարձել». տեղահանվածների խնդիրը և սոցապի առաջարկը

Արցախից տեղահանվածներ. արխիվային լուսանկար
Հազարավոր արցախցիներ բնակապահովման սերտիֆիկատ են ստացել, բայց անգամ չնչին տոկոսին էլ չի հաջողվում գործարք կնքել բանկերի հետ։ Բոլորը նույն խնդրին են բախվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի լուծում է առաջարկում։
Sputnik
Արցախցի 2800 տեղահանված ընտանիք պետական աջակցության ծրագրով բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել։ Թվում է` այդքան ընտանիք շուտով բնակարան է ունենալու, սակայն հավաստագիր ստացած անձանց գերակշիռ մասը խնդիրների առաջ է կանգնել` բանկերը չեն հաստատում հիփոթեքը։ Նրանք քանիցս բողոքի ակցիաներ են արել, բայց նշում են` որևէ արդյունքի չեն հասել, և ստեղծված իրավիճակում հավաստագրերը ձևական բնույթ են կրում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն, հայտնում է, որ քաղաքացիների բարձրացրած թեմայով քննարկումներ են ունեցել Կենտրոնական բանկի հետ և որոշակի լուծում են առաջարկում։
Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ կամ վերջին 3 ամիսներին հաշվառված են եղել Արցախի առանձին շրջաններում կամ վերջին 3 տարիներին բնակվել են նշված շրջաններում: Երևանում տուն ձեռք բերելու դեպքում մինչև 8 միլիոն դրամի սուբսիդավորում կլինի: ՀՀ մարզերում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում մինչև 10 միլիոն դրամ գումարի և Արցախում տուն գնելու դեպքում մինչև 12 միլիոն դրամ գումարի սուբսիդավորում կլինի։
Քաշաթաղից տեղահանված 42-ամյա Մերի Մելիքյանը հոկտեմբերի 27-ին բնակարանի գնման սերտիֆիկատ է ստացել (10 մլն դրամի) և ուրախացել` մտածելով, որ շուտով սեփական տանիքի տակ են ապրելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ այդ ուրախությունը տևել է մինչև բանկ հասնելը։
«Պարզվեց` 500 000 դրամ կանխավճար են ուզում, դրան գումարած 160 000 այլ ծախսեր ունենք` նոտար, կադաստր, գնահատում... Տեղահանվածները, բնականաբար, հիմնականում վարձով են ապրում, և մեզ համար կանխավճար տալը շատ դժվար է։ Բացի այդ, բանկերն ասում են, որ վարկային մաքուր պատմություն չունեմ»,– նշեց Մերին։
Բանն այն է, որ տարիներ առաջ նա 953 000 դրամ վարկ է վերցրել, իսկ 44-օրյա պատերազմից հետո ի վիճակի չի եղել այն վճարել, քանի որ կորցրել է ամեն ինչ։ Դրանից հետո պետությունը փոխհատուցել է նրա վարկի գումարը` 1 մլն 47 000 դրամ, սակայն բանկը, որից գումար է վերցրել, պնդում է, թե դեռ 1 մլն դրամ պարտք ունի։ Մերիի խոսքով` իրեն ոչ մի կերպ չեն տրամադրում մանրամասներ, թե ինչպես է գոյացել այդ գումարը, միայն հայտնել են, թե տոկոսներ են. «Ասում են` 1 մլն դրամ է կուտակվել, որոնք տոկոսներ են միջնորդավճարից, սպասարկման գումարից, տոկոսի տոկոս է։ Հիմա այդ հիմքով մեզ վարկունակ չեն ճանաչում և հրաժարվում են հիփոթեք տրամադրել։ Վստահեցնում եմ` եթե վարկունակության գնահատման այս կետը չհանեն, շահառուների 99 տոկոսը չի օգտվի ծրագրից»։
Գներն աճում են, վարձով տուն չկա. բյուջեն ու վիճակագրությունը զուգահեռ իրականության մեջ են
Մերին միայնակ մայր է, այժմ 20 և 21 տարեկան զավակների հետ վարձակալությամբ ապրում է Արմավիրում։ Մարզերից մեկում «բեհ» է վճարել մի բնակարանի համար, որ այն ուրիշին չվաճառեն, սակայն վախենում է այդ գումարը կորցնել։
«Մենք մեր տունն ու աշխատանքը մեր կամքով չենք կորցրել, եկել այստեղ։ Բնակապահովման ծրագիրն անարդար է` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոչ թե պետք է սերտիֆիկատ տար և մեզ կրակը գցեր, այլ ամեն ինչ այնպես ձևակերպեին, որ ձմեռը ստիպված չլինեինք մի վարձով տնից մյուսը տեղափոխվել, ինչ է թե վարձերը գնալով թանկանում են, ու հերթով բոլոր տնից հանում են։ Սերտիֆիկատը գլխացավանք է դարձել մեզ համար»,– ասաց Մերին։
60–ամյա Անահիտ Չարչյանը Բերձորից է տեղահանվել, և այժմ ընտանիքի 4 անդամներով վարձակալությամբ են ապրում Երևանում։ Նրանք նույնպես մեկ ամիս առաջ բնակարան գնելու հավաստագիր են ստացել, սակայն այժմ բոլոր բանկերից մերժում են գործարք անել, քանի որ «սև ցուցակում» են հայտնվել։
«Տարիներ առաջ վարկ եմ ունեցել, որը նորմալ վճարում էի մինչև պատերազմը։ Իսկ դրանից հետո ամեն ինչ կորցրի` տունս, աշխատանքս։ Տեղահանվելուց հետո հազիվ տան վարձ եմ կարողանում հավաքել, ուր մնաց վարկս վճարեի, այդպես սև ցուցակում հայտնվեցի։ Հիմա բնակարան գնելու 10 մլն դրամի սերտիֆիկատ ունեմ, սակայն որևէ բանկ հիփոթեքս չի ձևակերպում։ Ի՞նչ եմ անելու այդ թղթի կտորը»,– մեզ հետ զրույցում ասաց տիկին Անահիտը։
Ըստ նրա` հայտնի էլ չէ` Արցախի կառավարությունը խոստացածի պես փոխհատուցել է իր վարկը, թե ոչ, քանի որ բանկերը ոչինչ չեն ասում։ Օրերս տիկին Անահիտը ցանկացել է այդ հարցով Արցախ գնալ, սակայն եղանակային պայմաններն անբարենպաստ են, և խորհուրդ չեն տվել հիմա մեկնել։
Տիկին Անահիտը նշեց, որ իրենց համար տան կանխավճար տալն էլ է լուրջ խնդիր, քանի որ որևէ կերպ աշխատանք չի կարողանում գտնել։ Նա նախկինում հոսպիտալներից մեկում բուժքույր է եղել, վերջերս էլ վերապատրաստվել է, սակայն տարիքի պատճառով որևէ տեղ աշխատանքի չեն ընդունում. «Մեր ապրուստի միջոցը մեղվաընտանիքներն են։ Եթե բանկերի սև ցուցակից դուրս գալու հարցը լուծվի, ինչ արած, փեթակներս կծախեմ, որ կանխավճար տամ։ Բայց թե հետո ինչով եմ ապրելու, չգիտեմ»։
Կադաստրի կոմիտեի տվյալներն ու բնակարանների շուկայի իրական պատկերը. ինչո՞ւ են դրանք տարբեր
Կնոջ կարծիքով` ավելի լավ կլինի, եթե սերտիֆիկատի փոխարեն պետությունն իրեն մարզերից մեկում տուն տա, որպեսզի բոլոր գլխացավանքներից ազատվեն, քանի որ գաղտնիք չէ, որ այժմ տների արժեքը «աերոպորտային» են դարձել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղահանվածների բարձրացրած խնդիրներին ծանոթ են, քանի որ քանիցս նախարարությունում այդ թեմայով քննարկում–հանդիպում են ունեցել։ Նրա խոսքով` տեղահանվածների հետ քննարկվել է նրանց առաջարկած տարբերականերն ու այն հնարավորությունները, որոնք ծրագրի շրջանակում առաջարկում է նախարարությունը։

«Դրանից հետո Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները որպես վարկառու կդիտարկեն հավաստագիր ստացած ընտանիքի այն չափահաս անդամին, որը վարկային դրական պատմություն ունի։ Այսինքն` եթե նախկինում կատարվում էր ընտանիքի բոլոր անդամների վարկունակության գնահատում, այժմ կիրականացվի ընտանիքի մեկ անդամի վարկունակության գնահատում»,– ասաց Մանուչարյանը։

Նա նշեց, որ եթե տեղահանվածները կարողանան ծրագրով նախատեսված գումարից ավելի ցածր արժեքով տուն ձեռք բերել մարզերում, ապա տարբերության չափը կուղղվի տան վերանորոգմանը։
Մանուչարյանը տեղեկացրեց` վերջին տվյալով` 2800 ընտանիք է հավաստագիր ստացել, իսկ հավաստագիր ստանալու համար 4700 ընտանիք է դիմել։