«Աբովյան» ՔԿՀ–ում վերանորոգումն ընթանում է մեծ թափով. ՄԻՊ–ի հայտարարության հետքերով

«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի խցերից մեկը և արդեն վերանորոգված սանհանգույցը
Շուրջ 1 ամիս առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ ՔԿՀ–ի պայմաններն անբավարար են, շենքն էլ սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում է գտնվում։ Sputnik Արմենիան այցելել է քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել ընթացող և սպասվող աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսվել է շենքային պայմանների բարելավման գործընթացը։ Վերանորոգման աշխատանքները մեծ թափով են ընթանում։
«Աբովյան» ՔԿՀ-ի սանհանգույցը վերանորոգումից առաջ և հետո
Նշենք, որ դեռ նոյեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը, հայտնել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ի պայմաններն անբավարար են, շենքը գտնվում է սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում։ Նա նշել էր, որ խոնավության մակարդակը խցերում շատ բարձր է, առաստաղների ծեփամածիկը` թափված, որոշ տեղերում` բորբոսնած։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը բաղկացած է մի քանի մասնաշենքից` միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների պահման վայրը, կալանավորված անձանց պահման վայրը, անչափահասների պահման վայրը, մեկուսարանը, դպրոցը և ակումբի շենքը։ Ամբողջ տարածքում վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը սկսվել է հունիսին և շարունակվում է մինչ օրս։ Իրականացվում են բոլոր մասնաշենքերի սանհանգույցների, ինչպես նաև խոհանոցի և լվացքատան նորոգման աշխատանքներ։ Երկրորդ փուլով ավելի լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու ամբողջ տարածքում։
«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի միջանցքը վերանորոգումից առաջ և ընթացքում
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հիմնանորոգվել են ակումբի և դպրոցի սանհանգույցները։
«Արդեն վերանորոգվել են 19 խցի, ինչպես նաև բժիշկների, սոցիալ–հոգեբանական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար հատկացված աշխատասենյակների սանհանգույցները։ Աշխատանքներ են տարվել նաև դատապարտված անչափահասների պահման վայրում` չնայած նրան, որ այս պահին ՔԿՀ–ում չկա դատապարտված անչափահաս։ Այնտեղ խոհանոցն է վերանորոգվել, ինչպես նաև ճաշարանը, սանհանգույցն ու լոգարանը»,– ասաց Մարտիրոսյանը։
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը
Միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նախատեսված պայմանները նույնպես բարելավվում են։ Այնտեղ հիմնանորոգվել են լոգարանը, սանհանգույցը և լվացքատունը։ Շենքում կառուցվել է նաև առանձին մանկական լոգասենյակ` մոր հետ ՔԿՀ–ում գտնվող մանկահասակ երեխայի համար։
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կանանց մանկահասակ երեխաների համար նախատեսված սանհանգույց
Քրեակատարողական հիմնարկում նորոգվել են նաև դպրոցի և ակումբի մասնաշենքերում առկա սանհանգույցները։
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
Մեր այցելության ժամանակ աշխատանքներ էին ընթանում կալանավորված անձանց պահման վայրում։ Նորոգվում են լոգասենյակները, ինչպես նաև լվացքատունն ու խոհանոցը։ Շարունակվում են ևս 8 խցի սանհանգույցի վերանորոգման աշխատանքները։ Միջանցքը նույնպես վերականգնման փուլում է։ Մարտիրոսյանը մեզ հայտնեց նաև, որ կալանավորված անձանց պահման վայրում ամբողջությամբ փոխվել են ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները, լվացարանները, ծորակները, տեղադրվել են նոր դռներ։
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանի կոյուղու խողովակները
ՄԻՊ աշխատակազմի այցի պահին Աբովյան ՔԿՀ–ում 66 անձ է եղել, 40–ը` կալանավորված, 26–ը` դատապարտված, 66-ից 4–ը` արական սեռի անչափահասներ, մեկ անձ չափահաս է դարձել անազատության մեջ, և 3 կին այնտեղ են պահվում մինչև 3 տարեկան երեխաների հետ։
Այդ ժամանակ չեն եղել նաև հատուկ խցեր և կացարաններ` նախատեսված հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար։ Խցերում չեն եղել օրորոցներ, մանկական մահճակալներ, տաք ջուր, առանձին լոգարան, սանհանգույց երեխաների համար, կահավորված խաղահրապարակ, ինչպես նաև երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացմանը նպաստող միջավայր։
Այժմ ՔԿՀ–ում պահվում է 63 անձ, որից 41–ը` կալանավորված, 22-ն էլ` դատապարտված։ Կալանավորվածներից մեկը հղի է, մյուսն էլ իր խնամքի տակ 1.5 տարեկան երեխա ունի։
Մարտիրոսյանի հետ շրջայցի ընթացքում նկատեցինք, որ նորոգման աշխատանքների մեկնարկից ի վեր ՔԿՀ–ում հղի, ինչպես նաև մանկահասակ երեխա ունեցող կալանավորված կամ դատապարտված կանանց համար կառուցվել է մոր և մանկան սենյակ, որն ապահովվել է նաև մշտական տաք ջրով։ Շուտով սենյակը նաև կկահավորվի։
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող հղի կանանց և մինչև 3 տարեկան մանկահասակ երեխա ունեցողների համար նախատեսված խուցն ու սանհանգույցը
Նախատեսում են աշխատանքները ավարտին հասցնել 2023 թվականի հունվարին։
1 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ում մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքները
2 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի շինաղբը և կոյուղու նոր խողովակները
3 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանը
4 / 10
Տղամարդը սալիկապատում է «Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի սանհանգույցը
5 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
6 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված սանհանգույցներից մեկը
7 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը ցույց է տալիս վերանորոգված լվացքատունը
8 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք
9 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի մարզասրահը
10 / 10
«Աբովյան» ՔԿՀ-ի ակումբի շենքը
Զղջում ենք, բայց համակերպվել ենք ճակատագրին. կանանց գաղութում 55 կին իրենց պատիժն են կրում