ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Պետությունն առ այսօր հստակ տեղեկություններ չունի Հայաստանում 20 տարի գործող համատիրությունների հավաքած գումարների, դրանց ծախսի, կատարած աշխատանքների արդյունավետության մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
«Մինչև հիմա շենքերի գումարները հավաքվում էին մեկ զամբյուղի մեջ, ու կարող էր մի շենքը մշտապես հավաքագրել է թեկուզ միջին հավաքագրման ինչ–որ գումար։ Բայց տարիներ շարունակ այդ շենքի վրա աշխատանքներ չեն կատարվել, թեև օրենքն ասում է, որ քաղաքացին գումար է վճարում կոնկրետ իր շենքի և ոչ թե հարևան շենքի պահմանման համար»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ տարիներ շարունակ Հայաստանում գործել է փակ շղթա` քաղաքացիները դժգոհում էին, թե համատիրությունը, բացի գումար հավաքելուց, այլ բան չի անում, համատիրության ղեկավարներն էլ ասում էին, թե քաղաքացիներն այնքան քիչ են վճարում, որ այդ գումարով հնարավոր չէ աշխատել։
Իսկ թե իրականում որքան գումար են հավաքել համատիրությունները, պետությունը հստակ կարող է իմանալ միայն 2021թ–ից սկսած, քանի որ մեկ տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխությունով համատիրություններին արգելվեց անկանխիկ վճարումներ ընդունելը, իսկ օրենքը խախտողին վարչական պատասխանատվություն է սպառնում։
«Սա շատ կարևոր է ի վերջո պարզելու, թե ով է թերանում իր պարտականությունները կատարելու մեջ։ Այսինքն` բնակիչը չի՞ վճարում, թե՞ կառավարման մարմինը գործ չի անում։ Այս հարցի պատասխանը կտա հաշվի քաղվածքը», - ասաց Արզումանյանը։
Թե 2021-22թթ–ներին անկանխիկ եղանակով որքան գումար են հավաքել համատիրությունները, տվյալները դեռ ամփոփված չեն։ Բայց Արզումանյանի խոսքով` այդ տվյալները, միևնույն է, նախորդ տարիներին կատարված հնարավոր չարաշահումների վրա լույս չեն սփռի։
«Եթե անգամ մենք այդ թիվն ունենանք, պետք է հասկանանք` ինչի հետ համեմատենք, քանի որ նախորդ տարիների մասին մենք չունենք հստակ ինֆորմացիա` որքան հավաքագրում է եղել։ Կառավարման մարմինը մի թիվ է ասում, բնակիչները` մեկ այլ։ Եվ ապացուցելի որևէ փաստաթուղթ, համակարգ, շարժ ուղղակի գոյություն չունի»,– ասաց նա։
Սակայն համատիրությունների աշխատանքում ֆինանսական թափանցիկության խնդիրը միակ բացը չէ։ 2002թ–ից գործող բազմաբնակարան շենքերի կառավարման այս համակարգը, ոլորտի մասնագետների գնահատմամբ, մեր երկրում այդպես էլ չկայացավ ու չարդարացրեց իրեն։
Հիշեցնենք` մինչ համատիրությունների ձևավորումը Խորհրդային Միության փլուզումից հետո էլ բազմաբնակարան շենքերի պահպանումն ու սպասարկումն իրականացնում էին տեղական կառավարման մարմինները՝ բնակարանային շահագործման տեղամասերի (ԲՇՏ, ЖЭК) միջոցով։
2002թ–ին ընդունված օրենքը շենքի բնակիչներին իրավունք էր վերապահում սեփականատերերի հիմնադիր ժողովի որոշմամբ ինքնուրույն ստեղծել համատիրություն ու ընտրել ղեկավար կազմ։
Բայց իրականում բնակիչների փոխարեն դա արեցին նախկին ԲՇՏ-ների պետերը` ԲՇՏ–ն վերանվանելով համատիրություն։
Դրանք մինչ օրս էլ քաղաքացիների կողմից շարունակում են ընկալվել ու գործել հին տրամաբանությամբ։
«Նախկին «ԺԷԿ»-երը (Жилищно-эксплуатационная контора) ավտոմատ ձևակերպվել են որպես համատիրություններ։ Այսինքն` այն օրենսդրական նորմերը, որոնց համաձայն` քաղաքացիներն ընտրում են իրենց համար կառավարման մարմին, մասնակցում են որոշումների կայացմանը, ի սկզբանե չեն իրականցվել։ Բազմաբնակարան շենքի կառավարման վերաբերյալ պատկերացումը չի փոխվել։ Քանի որ խորհրդային տարիներին շենքի բոլոր հոգսերը պետությունն է հոգացել, քաղաքացու մոտ ձևավորել է պատկերացում, որ ինքն այդ գույքը պետք է օգտագործի, և պետությունը պետք է պարբերաբար գա, այդ գույքի վրա ինչ–որ աշխատանքներ անի»,– ասաց Արզումանյանը։
ԽՍՀՄ–ից մնացած այս համակարգը բարեփոխելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել «Բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը» , որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը։
Հայեցակարգի ընդունումից հետո նախատեսվում է նաև օրենսդրական ու ենթաօրենսդրական նոր կարգավորումներ անել` սկսած համատիրությունների ղեկավարների գիտելիքներից մինչև վճարների չափերի վերանայում։
Գործող օրենսդրությամբ համատիրության վճարի չափ սահմանված չէ։
Տվյալ տարվա վճարի չափը պետք է հաստատվի համատիրության տարեկան բյուջեի հաստատման ժամանակ` ըստ տարվա համար նախատեսված ծախսերի։ Բայց քաղաքացիների գերակշիռ մասն այս մասին չգիտի, համատիրությունների ղեկավարներն էլ գերադասում են ամեն տարի բյուջե կազմելու փոխարեն վճարի կոնկրետ չափ սահմանել` որպես հիմք ընդունելով համայնքների հաստատած 1 քմ–ի դիմաց 10-30 դրամ չափը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանի 19 000 բազմաբնակարան շենքերի միայն 8000–ն են կառավարվում համատիրությունների կողմից, մնացած 11 000-ը անցած 20 տարիների ընթացքում այդպես էլ կառավարող մարմին չեն ստեղծել ու, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, շարունակում են մնալ համայնքների կառավարման ներքո: Համայնքներն էլ իրենց հերթին ամեն շենքի համար առանձին նախահաշիվ չկազմելու համար տարիներ առաջ ընդհանուր գին են սահմանել, որն առ այսօր էլ մնացել է անփոփոխ։
«Այս գումարի չափը, մեր պատկերացմամբ, քիչ է, որովհետև չի կարող 10 տարի առաջ և այսօր լինել նույն գումարը, հատկապես որ այդ ընթացքում շենքի վիճակը որևէ կերպ չի բարելավվել, անելիքներն էլ շատացել են։ Եվ մենք ասում ենք` գումարի չափը, որ պիտի որոշվի, պետք է հիմնավորում ունենա ու չպիտի լինի թույլատրելի շեմից ցածր, որը շենքը պատշաճ պահպանելու հնարավորություն չի տա»,–կարծում է Արզումանյանը։
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած փաստաթղթում համատիրության վճարի չափ չի առաջարկվում։ Բայց նախագծի հեղինակները չեն բացառում, որ բարեփոխումների ընթացքում այն ևս կվերանայվի։
Բանն այն է, որ 2021թ–ին բազմաբնակարան շենքերի կառավարման օրենքում արդեն կատարված օրենսդրական փոփոխության համաձայն` շենքին վերաբերող ցանկացած ծրագիր պետք է իրականացվի շենքի սեփականատերերի պարտադիր մասնակցությամբ։ Բացի այդ, համատիրության հավաքագրած գումարը շենքերի կառավարման մարմիններին թույլ կտա մասնակցել պետական սուբվենցիոն ծրագրերին` վճարել ծրագրի արժեքի 5-10 տոկոսն ու մնացած ֆինանսավորումը ստանալ պետությունից։ Հավաքված փոքր գումարների դեպքում շենքը չի կարողանա օգտվել նաև պետության տրամադրած այդ հնարավորությունից։
Բացի այդ, գործող օրենքով համատիրությունների գործունեությունը որևէ կերպ չի վերահսկվում պետական որևէ մարմնի կողմից։
Օրենքը թեև վերահսկողությունը վերապահում է տվյալ համայնքին, բայց չի սահմանում վերահսկողության հստակ մեխանիզմներ` համատիրություններին թույլ տալով ի նպաստ իրենց մեկնաբանել օրենքի անկատարությունը։
Քաղաքաշինության կոմիտեի մշակած նոր հայեցակարգով նախատեսվում է սահմանել վերահսկողական լիազոր մարմին։ Թե պետական որ մարմինը կամ մարմինները կիրականացնեն այդ գործառույթը, դեռ վերջնականապես որոշված չէ։ Այդ փոփոխությունը կարվի արդեն հայեցակարգի ընդունումից հետո։ Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը չբացառեց, որ վերահսկողությունը տարբեր ուղղություններով կպատվիրակվի մի քանի պետական մարմնի, օրինակ` քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ու ՊԵԿ–ին։
Հայեցակարգի մեկ այլ կետով նախատեսվում է նաև սահմանափակել մեկ համատիրության կողմից կառավարվող շենքերի թիվը։ Այսօր նման սահմանափակման բացակայությունը թույլ է տվել հատկապես Երևանի կենտրում գերհամատիրություններ ստեղծել` ֆինանսական ազդեցության լուրջ լծակներով։ Թե սահմանափակման ինչ մոդել կընդունվի, առայժմ միայն քննարկվում է։ Արզումանյանի խոսքով` մոտեցումները տարբեր են` սահմանափակել համատիրության մեջ մտնող շենքերի թիվը, թե բնակարանների, քանի որ Երևանում կան շենքեր, որոնք շուրջ 100 բնակարան ունեն, ինչն արդեն մեծ թիվ է մեկ մարմնի կողմից կառավարվելու համար։
Ինչ վերաբերում է համատիրության ղեկավարներին, ապա գործող օրենսդրությամբ նրանց անձի ու գիտելիքների նկատմամբ որևէ պահանջ չի սահմանվում։ Այլ կերպ ասած` համատիրության նախագահ կարող է դառնալ ցանկացած անձ, ցանկացած գիտելիքով ու կրթությամբ կամ դրանց բացակայությամբ։
Հայեցակարգն առաջարկում է ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ ինչպես նոր ընտրվող, այնպես էլ գործող կառավարիչների համար։ Արզումանյանի համոզմամբ` մասնագիտական ունակությունների պահանջը թույլ կտա նաև համատիրության սեփականատերերին ճիշտ ընտրություն կատարել` հօգուտ կառավարման հմտություններ ունեցող անձի։
Խորհրդարանում արդեն քննարկվում է կոմիտեի ներկայացրած մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ։ Օրինագծով սահմանվում են մասնագիտական որակավորման չափանիշներ՝ վերապատրաստում, դասընթացների կազմակերպում և այլն։