Ռուբինյանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Անն Լույոյին
Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։