ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորցի երգչուհի Ռոզա Լինի կյանքը «Snap» երգից հետո շատ է փոխվել։ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած երգչուհին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ինքը կես տարում ուրիշ մարդ է դարձել։
Նա ի սկզբանե հավատացել է այդ երգին և վստահ է եղել, որ «Եվրատեսիլում» բարձր հորիզոնական կգրավի, սակայն երգը հաջողություններ է գրանցել մրցույթից հետո։
Նշենք, որ Ռոզա Լինը գրանցել է հերթական ռեկորդը. hամաշխարհային հիթ դարձած «Snap»-ն արդեն երկրորդ անգամ դարձել է ամենաշատ լսված եվրատեսիլյան երգը «Spotify»-ում։
«Փաստորեն ժամանակի առումով էի մի քիչ սխալվել, և մենք «Եվրատեսիլից» հետո ավելի մեծ հաջողություններ գրանցեցինք»,–ասաց նա։
Թեև հաջողությունը ոգևորել է երգչուհուն, բայց նա հրաշք չի համարում դա։
«Հաջողությունը շատ բարդ հասկացություն է, կյանքը կախված չէ հաջողություններից, որովհետև այն ունի իր դժվարությունները։ Ես ուրախ եմ, որ իմ կարիերան այս էտապում է, շատ ոգևորված եմ, և շատ պլաններ ունենք, բայց չեմ կարող ասել, որ դա հրաշք է դարձել։ Դա այդպես չի լինում։ Ինձ թվում է` ամեն մարդ պետք է երջանկությունն իր մեջ գտնի ու դա չկապի հաջողություն ունենալ–չունենալու հետ»,– ընդգծեց երգչուհին։
Ինչ վերաբերում է երկրորդ անգամ տեսահոլովակ նկարահանելուն (հրապարակվել է հոկտեմբերի 7-ին), նա ասաց, որ դա պայմանավորված է հեղինակային իրավունքների խնդիրներով։
«Ուրախ եմ, որ այն երկրորդ անգամ է նկարվել, քանի որ երգով իմ կյանքը շա՜տ–շա՜տ փոխվեց, և ես ուրիշ մարդ դարձա։ Երկրորդ տեսահոլովակով փորձել ենք ցույց տալ երգի հոգեբանական ասպեկտը»,– նշեց երգչուհին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»–ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր «Snap» երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։