Ամատունի Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է. նախարարությունը պետք է հատուցում վճարի

Ամատունի Վիրաբյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը. ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարի նրան։ Տեղեկությունը հայտնում է փաստաբանական գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` դատարանը ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցրել է միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում վճարել Վիրաբյանին։
Որոշման համաձայն` գերատեսչությունը պետք է հատուցում վճարի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը։
Չի բացառվում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը բողոքարկի վերոնշյալ վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
2020 թվականի սեպտեմբերին գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որ ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն է սկսել Հայաստանի ազգային արխիվի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:
Ստացված տեղեկության համաձայն` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի հետևանքով հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել:
Վերոգրյալը հիմք ընդունելով` ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել էին, և լուծվել էր նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսին որոշել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: