Որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հարցը լուծվելու, թե ոչ. Գրիգորյան

Երևանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, կողմ է, որ մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա ԼՂ–ի ու Ադրբեջանի միջև իրավունքների, անվտանգության վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Մինչև այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, և հստակություն էլ չկա` խաղաղության պայմանագրով ԼՂ հարցը կլուծվի, թե դրանից դուրս»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:
Ենթադրում եմ` մինչև տարեվերջ հանդիպում կլինի. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Գրիգորյանը ենթադրում է, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու: Այսինքն` խաղաղության պայմանագրում որոշակի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Գրիգորյանը շեշտեց` հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա պետք է հստակություն մտցվի։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։