ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքը կստանա իր հասնելիք փոխհատուցումը։ Հարցը լուծված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հայտնել ենք, որ Վահան Հակոբյանի ընտանիքն իր հասանելիք օգնությունը չի ստանում, քանի որ Վահանի ու կնոջ ամուսնությունը գրանցված չի եղել։
«Քիչ առաջ զրուցեցի նաև Վահան Հակոբյանի մոր` տիկին Վարսենիկի հետ, ով հաստատեց, որ հարցը լուծվել է։ Փաստորեն, սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր, որ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի վերաբերյալ, այն հանրային հնչեղություն ստանար, որ հրատապ կարգով խնդիրը լուծվեր ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի ու ամոթի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա»,– գրել է պատգամավորը։
Հիշեցնենք` երեկ ԱԺ հայտարարությունների ժամին այս ընտանիքի պատմությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` պատկան մարմիններին կոչ անելով լուծել հարցը։
Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վահան Հակոբյանը 4 անչափահաս երեխա ունի` 7, 6, 4 տարեկան դուստրեր և 1,5 տարեկան որդի։