«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է անցկացրել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է քննարկված հարցերի մոտավոր շրջանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դեկտեմբերի 6-ին վարչության նիստ է գումարվել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները:
«Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջևանի, Հրաչյա Շառոյանը` Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր։
Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի։
Նշենք, որ կուսակցության վարչության նախորդ նիստը գումարվել էր նոյեմբերի 29–ին, հաստատվել էր կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։
Հիշեցնենք, որ ՔՊ–ի նոր վարչությունն ընտրվեց հոկտեմբերի 29-ի համագումարի ժամանակ։ Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։