ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպման անցկացմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է մինչեւ տարեվերջ Ռուսաստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Ռուսաստանն անկասկած պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», - ասել է նա:
Պեսկովը միաժամանակ չի բացառել, որ նման հանդիպումը կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի նախատոնական հանդիպում անցկացնելու գաղափար կա։ Պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո մենք համապատասխան հայտարարություն կանենք: Եթե փոխըմբռնում լինի, կտեղեկացնենք ձեզ», - հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ։ Նա նշել էր, որ փաստաթուղթն արդեն ներկայացվել է հայկական կողմին:
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան–Ալիև հանդիպում կայանալ։ «Մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,– նշել է նա։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։