Երևանյան նորակառույցների սեյսմակայունության վերաբերյալ պնդումները սուտ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը։
«Մեկ տարի առաջ Երևանում տեղի ունեցած 6 բալանոց երկրաշարժը ապացուցեց դա, քանի որ էլիտար շենքերից շատերի վրա ճաքեր հայտնվեցին»,– նշեց նա։
Պրոֆեսորի խոսքով` մայրաքաղաքում սեյսմիկ անվտանգության լուրջ խնդիր ունեն և՛ Խորհրդային Միության ժամանակաշրջանում կառուցված շենքերը, և՛ նորակառույց շենքերի մեծ մասը, թեպետ կառուցապատողները փորձում են հակառակը համոզել։
«Ոչ միայն կառուցապատողներն են համոզում բնակչությանը, որ այդ նոր շենքերը կդիմանան 9 բալանոց երկրաշարժին, այլ նաև քաղաքաշինության կոմիտեն կամ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նրանք, ովքեր պետական գումարներով շինարարական ծրագրեր են իրականացնում։ Մի կողմից ուրախալի է, որ կատարվում են այդպիսի ծրագրեր, բայց անընդհատ շեշտում են սեյսմակայունությունը, մարդկանց ուղեղներում ուզում են ամրակայել, որ այդ շենքերը շատ լավն են, իսկ դա կատարյալ սուտ է, որովհետև այդ շենքները հուսալի չեն»,– շեշտեց Մելքումյանը։
Նա համոզված է, որ եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, շենքերի 80 տոկոսը կկորցնենք, և մի քանի վայրկյանում կարող է շուրջ 300 հազար մարդ մահանալ։
«Շատ տխուր վիճակ է։ ՀՀ բնակչության 42 տոկոսը կենտրոնացել է Երևանում։ Իսկ այստեղ մենք ունենք մոտ 40-41 հազար շենք–շինություն, որոնք կառուցվել են Խորհրդային Միության հին նորմերով, երբ իրական սեյսմիկ վտանգը թերագնահատված էր»,–ասաց նա։
Մասնագետի խոսքով` հայաստանաբնակների համար շատ կարևոր է շենքերի հուսալիությանը, քանի որ մեր երկիրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, որտեղ կարող է ցանկացած պահի ուժգին երկրաշարժ լինել։
Պրոֆեսոր Մելքումյանը այս խնդրի լուծման համար սեփական գյուտն ունի` շենքերը հիմքից աստիճանաբար կտրվում են և սեյսմամեկուսիչներ` շերտավոր ռետինամետաղական հենարաններ են տեղադրվում շենքի և հիմքի միջև, որի ընթացքում չի դադարեցվում տվյալ շենքի շահագործումը:
Աշխարհում շատ երկրներ շենքեր կառուցելիս կամ շենքերի ամրացումներ իրականացնելիս օգտվում են հայ ակադեմիկոսի այս գյուտից, սակայն Հայաստանում այն լայն կիրառություն դեռ չի ստացել, թեպետ ֆինանսական տեսանկյունից, Մելքումյանի խոսքով, երեքից հինգ անգամ ավելի շահավետ է, քան ավանդական մեթոդներով ամրացումը։
Պատճառները, Մելքումյանի կարծիքով, տարբեր են` շինոլորտում տիրող անգրագիտությունը, նորագույն տեխնոլոգիաների հետ առնչություն չունենալը, կոռուպցիան։
«Այդ էլիտար շենքերն էլ կարելի էր կառուցել 40 տոկոսով ավելի էժան` հաշվի առնելով սեյսմամեկուսիչների գինը։ Օրինակ` Արյունաբանական կենտրոնը, որը երկու տարի առաջ կտրվել է հիմքից և տեղադրվել սեյսմամեկուսիչների վրա, մեկ միլիոն քսան հազար դոլար է տնտեսել։ Փաստորեն սա կոռումպացված մարդկանց ձեռք չի տալիս։ Մտածում են` ավելի լավ է` պետական փողերը մսխեն, քան կառուցեն այս տեխնոլոգիայով»,– նշեց մեր զրուցակիցը։
Ըստ պրոֆեսորի` կրկնակի կյանք տվող սեյսմամեկուսիչների միջոցով հնարավոր է բոլոր շենքերը հերթով ամրացնել։
Մելքումյանի կարծիքով` այսօր շինարարության ոլորտում խայտառակություն է տիրում։ Եվ հաշվի առնելով, որ ՀՀ–ն բոլորովին պատրաստված չէ երկրաշարժերին ու դասեր չի քաղել 1988 թվականի աղետից, կառուցում են թանկ գներով հավաբներ։
Պրոֆեսորը նշեց, որ նույնիսկ ամենահարուստ երկրները չեն կարող շենքերը համատարած ամրացնել, այդ աշխատանքները պետք է սկսել ըստ առաջնահերթության` դպրոցներ, հիվանդանոցներ և այն շենքերը, որտեղից հնարավոր կլինի կառավարել ճգնաժամերի ժամանակ։