ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին՝ ի հիշատակ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի, տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։
Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
© Photo : official site of the Embassy of RA in RF
Նշվում է, որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դիվանագետներ և ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (այն ժամանակ Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։