ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։
«Այսօր Ասլանյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ միջնորդություն ներկայացրի Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխել և գրավ կիրառել։ Դատավորը, սակայն, մերժեց մեր միջնորդությունը։ Դատարանի որոշումը դեռ չունենք, դրան ծանոթանալուց հետո այն վերաքննիչում կբողոքարկենք»,–ասաց փաստաբանը։
Նա նշեց նաև, որ աբսուրդ է Ասլանյանի խափանման միջոցը չփոխելու որոշումը, քանի որ գործով վկաներից 30-ի ցուցմունքներում Մամիկոն Ասլանյանի դեմ վկայություն չկա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։