Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը (14 դեկտեմբերի, 2021թ). Երևան. Արխիվային լուսանկար
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ամեն ամիս 300-400 մլն դրամի աճ է արձանագրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, շարունակական աճ է նկատվում։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, 2 մլրդ 130 մլն դրամի անկանխկիկ գործարք է կատարվել կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից։ Նախորդ ամսվա պարագայում 1 մլրդ 800 մլն դրամ էր։ Այս տեմպը` 300-400 մլն ամեն ամիս, պահպանվում է։ Մեծացել է շահառուների, միջին հետվճարի և գործարքների թիվը»,– ասաց Մկրտչյանը։
Նախարարը վստահ է, որ ծրագիրն էական նշանակություն է ունեցել կենսաթոշակառուների և նպաստառուների կյանքում, քանի որ շարունակական գնաճի ընթացքում հնարավորություն է տալիս մեղմել սոցիալական ճնշումներն ու բարձրացնել գնողունակությունը։
Մկրտչյանը շեշտեց, որ այս ծրագիրը պետություն–մասնավոր հատված սոցիալական պատասխանատվության համագործակցության նախագիծ է։ Այն իրականացվում է ծրագրին միացած բանկերի միջոցով, դրանք 4-ն են` «ՎՏԲ Հայաստան», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «ԱԿԲԱ» բանկ։
Նա ընդգծեց` որոշ դեղատներ նույնպես պատրաստակամություն են հայտնել որոշակի գործիքակազմով միանալ ու զեղչային հնարավորություններ տրամադրել։
Գործազրկության խնդիրը լուծելու համար ռազմավարություն է մշակվում. Նարեկ Մկրտչյան
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։