ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա 5 տարիների ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների և ոչ հիմնական շինությունների հարցը։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
«Աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր, և կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը մոռացվեն: Ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,- ասաց փոխվարչապետը։
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին քաղաքը տնակներից ձերբազատելու նոր ծրագիր է մեկնարկելու։
«Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով՝ նախ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են»,– ասաց պաշտոնյան:
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին հայտնեց, որ տնակներում բնակվող ընտանիքներից 36–ն առաջիկայում բնակարաններ կստանան Գյումրու Մուշ-2 թաղամասում, իսկ հաջորդ տարի բնակարանամուտ կտոնեն ևս 66 ընտանիքներ։ Քաղաքապետի խոսքով` կլինեն նաև սոցիալական բնակարաններ:
Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին: