Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. ՀԺ

Կարինե Հարությունյան
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ: Եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ»,– գրում է լրատվամիջոցը։
Նշվում է նաև, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը, որը պատկանում է համալսարանին, ցածր արժեքով՝ 200 000-ը չգերազանցող գումարով, վարձով է տրվել մի քանի տարով: Հարությունյանը, ըստ կայքի, մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամ, բայց գործունեության համար մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար:
Բացի այդ, ռեկտորը հնոցապանի հաստիքում հրամանագրել է անձի, որը չի եղել հանրապետությունում, սակայն նրա անվամբ 700 000 դրամ աշխատավարձ է դուրս գրվել։
Հիշեցնենք` կառավարությունը որոշել է Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 14-ին համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ ԿՄԳՍ նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Ռեկտորն ինքը դեմ էր բուհերի միավորմանը։ Ավելին` նա մասնակցում էր բուհերի միավորման դեմ բողոքի ակցիային։