Բնակապահովման ծրագիրը բավականին հետաքրքրել է մեր քաղաքացիներին. Պապիկյան

Սուրեն Պապիկյան
Պապիկյանը նշում է, որ բնակարաններով ապահովումը բարեփոխումների փաթեթի միայն մի մասն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բնակարաններով ապահովման ծրագիրը բավականին հետաքրքրել է ՀՀ քաղաքացիներին, ինչի վառ ապացույց այս ուսումնական տարում ռազմական հաստատություններում ուսանողների թվի աճն է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությանը։
Փոփոխության համաձայն` քաղաքացին, ընդունվելով բարձրագուն ռազմական հաստատություն և այն հաջողությամբ ավարտելու և զինծառայության անցնելու պարագայում, կապահովվի բնակարանով։
«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրենքն ընդունվել է գրեթե ընդունելության քննությունների հետ հավասարապես։ Բնականաբար, սա չէր կարող ունենալ ամբողջական դրական հետևանքները, որ կարող էինք ակնկալել։ Այսինքն` հիմնական շահառուները հիմա սովորում են ավագ դպրոցներում և նրանց հետ է, որ պետք է աշխատանքներ տանենք` ներկայացնելով, թե ինչպես սոցիալական պայմանների փոփոխություն ենք առաջարկում ապագա զինծառայողներին»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` բնակարաններով ապահովումը բարեփոխումների փաթեթի միայն մի մասն է, և ՊՆ–ն առաջիկայում այն կներկայացնի հանրությանը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ավարտելուց ու պայմանագրային զինվորական ծառայության անցնելուց հետո պետությունից անհատույց օգտագործման իրավունքով բնակարան կստանան։
Այս պահին ՀՀ ՊՆ բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված է 1188 զինծառայող և 805 զինթոշակառու։
Ի՞նչ փոփոխություն կլինի զինվորների, երեխաների ու ծերերի կյանքում. հարցազրույց նախարարի հետ