Զոհված զինծառայողի ընտանիքը փոխհատուցում չի ստանում. պատգամավորը պարզել է պատճառը

Զոհված զինծառայողը 4 անչափահաս երեխա ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Եթե պետությունը չի զբաղվում կոնկրետ մարդկանց հարցերով, ապա այլ բաներից մեծ–մեծ խոսելը հիմարություն է։ Այսօր ԱԺ–ում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` օրինակ բերելով մի ընտանիքի պատմություն, որին հանդիպել է Վարդենիս քաղաք ու սահմանամերձ մի քանի գյուղեր կատարած այցելության ժամանակ։
Խոսքը պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքի մասին է։ Պատգամավորն ու իր գործընկերները պարզել են, որ ընտանիքը մինչև այսօր չի կարողանում ստանալ իրեն հասանելիք օգնությունը։
«Զոհված զինծառայողն ունի չորս երեխա՝ 7, 6, 4 տարեկան դուստր և 1,5 տարեկան որդի։ Վահանի այրին ՝ Նաիրան, օգնություն չի ստանում միայն այն պատճառով, որ ժամանակին նա ու Վահանն իրենց ամուսնությունը չեն գրանցել, չնայած 2014 թ.-ից միասին են ապրել»,– նշեց նա։
Պատգամավորը համոզված է, որ Հակոբյանների ընտանիքը չի ստանում օգնություն զուտ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։
«Վարչապետ, պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվե՛ք տոնածառի և Եվրատեսիլի լույսերից, գնացե՛ք այդ տուն, խոնարհվե՛ք տիկին Վարսիկի առաջ և արագ լուծե՛ք այս հարցը»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են