Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել. ՀՀ նախկին փոխոստիկանապետը պաշտոն է ստացել

Աննա Վարդապետյան
Փոփոխություններ են կատարվել Արարատի և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի դատախազություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել (քաղաքական հայտարարություն անելու համար նա պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել էր 2019 թվականի հոկտեմբերին)։
Հովհաննես Քոչարյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ։ Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նա ազատվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Արարատի մարզի դատախազությունում նույնպես տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել է մարզի դատախազության ավագ դատախազ, իսկ Վերժինե Առաքելյանը` Արարատի մարզի դատախազության դատախազ:
Աննա Վարդապետյանի նոր նշանակումը. Երևան քաղաքի նոր դատախազը կին է
Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազ։
Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել դատախազության ավագ դատախազ։
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։