Անօրինական միգրացիայի արդի մարտահրավերներն ու դրանց հակազդման ուղղությամբ համատեղ պայքարի ուղիները այսօր քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստում, որն անցկացվել է Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Նիստը վարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը բացման խոսքում նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը դրական արդյունքներ է արձանագրում անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։
«Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների, ՀԱՊԿ անդամ պետությունների միգրացիայի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների հարցեր, ամփոփվել են «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքները»,– նշված է հաղորդագրությունում։
ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվել է համապատասխան արձանագրություն։