Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել

Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին
Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և քննարկել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին
Ըստ հաղորդագրության` Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին։
«Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»,–նշել է նա։
Հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանը` Մասլովին
Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:
Դումանյանն ու Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս ժամանակակից կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:
Շվիդկոյն իր հերթին նշել է, որ մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: