Տաշիր քաղաքում կասեցվել է «Կալինինոյի պանիր Լոռի» տեսակի սննդամթերքի թողարկումը

Պանիր. Արխիվային լուսանկար
Կասեցումը տևելու է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Վալերի ֆուդ» ՍՊԸ–ում ուսումնասիրություն է կատարվել, որի արդյունքում կասեցվել է «Կալինինոյի պանիր Լոռի» տեսակի սննդամթերքի թողարկումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում։
«Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ արտադրատեսակը չի համապատասխանել ԱՑԽՄ ցուցանիշով «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ընկերությանը տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։