Ցեխոտ ու քարքարոտ է սահմանի մոտ գտնվող Սիս գյուղն ու այնտեղ տանող ճանապարհը։ Այն շուրջ 9 կմ է հեռու Մասիս խոշորացված համայնքի համանուն քաղաքից։ Հեռվում էլ` փշալարերից այն կողմ, մառախուղի մեջ հազիվ երևում են Սիսն ու Մասիսը:
Գյուղում ցուրտ, բայց արևոտ եղանակ է, սակայն փողոցներում ոչ ոք չկա, միայն հեռվում մի տարեց տղամարդ է կանգնած։ Գազարյան Ժորան է։ Պարզվում է` 1988-ին Ադրբեջանից փախած գաղթականներից է (Մասիսի շրջանի բոլոր գյուղերում փախստականներ կան)։
Ասում է` նախկինում ադրբեջանցիներ էլ են ապրել գյուղում, սակայն հիմա, իհարկե, միայն հայեր են, և գրեթե բոլոր ընտանիքները ձկնաբուծությամբ են զբաղվում, ինչպես նաև հողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ժորա պապը նշում է, որ գյուղի երիտասարդների շուրջ 80 տոկոսն աշխատում է ու գյուղի մակարդակով բավականին լավ վարձատրվում։ Ըստ նրա` գյուղում բնակչությունը շատ է, արտագաղթողներն էլ, հատկապես վերջին տարիներին պակասել են։
Սիս գյուղը սահմանից ուղիղ գծով մոտ 2 կմ է հեռու, սակայն սահմանամերձ չի համարվում։ Ժորա պապի խոսքով` գյուղում անվտանգային հարցերն այսօր առավել քան ակտուալ են դարձել ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից հետո։ Ըստ նրա` այդ հարցը փոքր–ինչ անորոշ է, բնակիչներն ինչպես կարողանում, իրենց գլխի ճարը տեսնում են։ Տներում մարդիկ ով ինչպես կարողացել է, հարմարություններ է ստեղծել։
«Նման դեպքերում պետք է պետությունն էլ օգնի, ապաստարանների հարցը լուծի, ավելի շատ իրազեկեն մարդկանց, չնայած և՛ մեծերը, և՛ երիտասարդները տեղյակ են երկրում տիրող իրավիճակից։ Կարծում եմ` պետք է բանակցության միջոցով խնդիրները լուծվեն, պատերազմից էլ խուսափեն։ Անհրաժեշտության դեպքում կարող են փոխզիջումներ լինել, բայց ոչ մեր տարածքների հաշվին, ես կտրականապես դեմ եմ դրան»,– ասում է տարեց տղամարդը։
Այդ խնդիրների պատասխանները, որոնք հնարավոր չէ գտնել Ազգային ժողովի ամբիոնում կամ հանրահավաքների ժամանակ ու քաղաքական տարբեր հաղորդումներում, կարող են ասել միայն սահմանամերձ բնակավայրերում ապրող անձինք և վարչական շրջանների ղեկավարները։
Սիս վարչական շրջանի ղեկավար Հրանտ Ալեքսանյանը վստահեցնում է` անվտանգային խնդիրները հիմնականում առաջացել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայից հետո։ Ասում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրենց մոտ իրավիճակն այդքան էլ սրված չի եղել։
«Եթե մոտ 5–6 տարի առաջ մեզ ասեին, որ հնարավոր է` ադրբեջանցին հարձակվի Ջերմուկի վրա, մեզ համար աբսուրդի հասնող խոսակցություն կլիներ։ Այդ քաղաքը աշխարհի մասշտաբով համարվում է լավագույն առողջարաններից մեկը, տարբեր երկրներից զբոսաշրջիկներ են այցելում հանգստանալու, և եթե ադրբեջանցին դուխ ա անում, խփում ա Ջերմուկի ուղղությամբ, Սիսն իր ա համար ի՞նչ ա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանն ինքն իրենով այդքան հզոր պետություն չի, որ փորձի դուրս գալ Հայաստանի դեմ` իմանալով, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին։ Գիտակցում ենք, որ Թուրքիան է պահում Ադրբեջանին։ Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիայի հետ սահմանը պահում են ռուսական զորքերը։ Այսինքն` եթե Թուրքիան հարձակվի, նշանակում է` ռուսի վրա է հարձակվում, որպեսզի սահմանը ճեղքի»,– ասաց Ալեքսանյանը։
Վարչական շրջանի ղեկավարը հարցի լուծումը տեսնում է ուժեղ, բանիմաց և տարբեր պետությունների հետ բանակցել կարողացող ղեկավար ունենալու մեջ։ Նա հիշեց 2016 թվականի ապրիլյան պատերազմը, սակայն ընդգծեց, եթե ընդամենը մի քանի օրում ռազմական գործողությունները դադարեցին, նշանակում է` բանակցող կար։ Ալեքսանյանը վստահ է` այդ ժամանակ տվյալ բանակցողը գիտեր, թե ինչպես է պետք խոսել ռուսի հետ, ինչպես բանակցել, իսկ ազգն այդպես էլ այդ ամենը չգիտակցեց։