Ջրերը մի առվով չեն հոսում. Մակրոնը խոսել է ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերությունների մասին

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահի խոսքով` Ջո Բայդենի վարչակազմը շատ է կապված Եվրոպայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ էներգակիրների բարձր գների պատճառով ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերություններում որոշակի խզում է առաջացել։ Նա իր տեսակետը հայտնել է «CBS News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մակրոնի խոսքով` ԱՄՆ–ի գործող վարչակազմն ու անձամբ Բայդենը շատ են կապված Եվրոպայի հետ։
«Սակայն եթե դիտարկենք այսօրվա իրավիճակը, ապա իսկապես սինխրոնիզացիա չկա։ Ինչո՞ւ։ Էներգիա։ Եվրոպան գազի և նավթի գնորդ է, ԱՄՆ–ն` արտադրող։ Մեր արդյունաբերությունը և մեր տնտեսությունները տարբեր գներով են ձեռք բերում։ Այնպես որ մեծ ճեղք կա, որն ազդում է մեր հասարակությունների գնողունակության և մրցակցության վրա», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Խոսելով Ուկրաինայի մասին` նա նշել է, որ Եվրոպան և ԱՄՆ–ն մասնակցում են այդ հակամարտությանը հանուն նույն սկզբունքների։
«Բայց այդ պատերազմի գինը նույնը չէ Ատլանտիկայի երկու կողմերում», – հավելել է Մակրոնը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 284-րդ օրը։