Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի խոսքով` տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է կազմակերպության` ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքով։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում:

«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհեր ենք ունենում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր առանձին դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ դարձան, որ կազմակերպության վերաբերյալ հասարակական տրամադրությունները էական փոփոխությունների ենթարկվեն Հայաստանում»,–ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն ոչ թե հայտարարել է, որ ՀԱՊԿ–ից դուրս է գալիս, այլ խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչի կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը։
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,– նշել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում: ՀԱՊԿ ԽՎ-ն միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հետխորհրդային ռազմական մոդելն իրեն չի արդարացնում. Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում