Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը. մարդկանց տարհանում են

Ինդոնեզիայի աղետների կանխարգելման ազգային վարչությունը զգուշացրել է, որ լավայի հոսքեր կարող են լինել։
Sputnik
Ինդոնեզիայի Ճավա կղզում այսօր ժայթքել է Սեմերու հրաբուխը։ Մոտակայքում բնակվող մարդկանց սկսել են տարհանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։
«Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում ժայթքել է վաղ առավոտյան, ինչի հետևանքով օդում մոխրի բարձրությունը հասել է 1,5 կմ–ի»,– տեղեկացրել է Ինդոնեզիայի աղետների կանխարգելման ազգային վարչությունը։
Վարչությունը տեղի բնակիչներին հորդորել է 5 կմ շառավղով հեռու մնալ ժայթքման կենտրոնից` զգուշացնելով լավայի հնարավոր հոսքերի մասին։
Հիշեցնենք` Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերից, հրաբխային ժայթքումներից և ցունամիներից, քանի որ գնվում է «Հրե օղակի» վրա։
«Հրե օղակը» Խաղաղ օվկիանոսի շուրջը գտնվող 40 հազար կիլոմետր երկարությամբ հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտ է։ Այնտեղ է գտնվում աշխարհի ամենահայտնի 1500 հրաբուխների գրեթե 90%-ը։ Երկիր մոլորակի վրա գրանցվող երկրաշարժերի 90%-ը տեղի է ունենում հենց այնտեղ։
Լավա, մոխիր, կրակ և ծուխ. իտալական Էտնա հրաբխի ժայթքումը` լուսանկարներով