Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսվում. Փրայս

Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Տեղեկությունը հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են արագացնել բանակցությունների ընթացքը։
«Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվի, քանի որ ԱՄՆ–ն շարունակում է աջակցել այն քաղաքականությանը, որը կհանգեցնի կայուն խաղաղության, ինչպես նաև երկու երկրների միջև խնդիրների լուծման»,–ասել է Փրայսը։
Նա հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն փոխգործակցում է 2 կողմերի հետ, որպեսզի աջակցի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագա կերտելուն։
Փրայսի խոսքով` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։
Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 2-ին Ժնևում, իսկ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Միրզոյանը, Լավրովը և Բայրամովը Սոչիում առանձնազրույց են ունեցել․ Զախարովա