ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15։00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես`փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։
Իսկ դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12։00-ից սկսած ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։
Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները երգի միջազգային մրցույթի այցելուներին անվճար կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։
Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։
Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի 20-րդ մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Երևանում։ Մրցույթին մասնակցելու է 16 երկիր` Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։
Կարգախոսը լինելու է «Պտտի՛ր հրաշքը»։