Արցախի ընդերքը պետության սեփականությունն է․ բնապահպանության կոմիտեի արձագանքը

Արցախի բնապահպանության կոմիտեն արձագանքել է Ադրբեջանի շահարկումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի ընդերքի մասին օրենսգրքով։Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բնապահպանության կոմիտեն` անդրադառնալով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու պատճառաբանությանը։
Հայտնել էինք, որ ավելի քան երեք ժամ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրության համաձայն` իբրև թե Արցախում օգտակար հանածոների ապօրինի շահագործում է իրականացվում, և որոշվել է ճանապարհային քարտեզ մշակել։
«ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն ճանաչված չլինելով և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է 3–ժամյա բանակցությունից հետո
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա Արցախի բնապահպանության կոմիտեն վստահեցնում է` Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը:
Ավելին` Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով: