Տերմինաբանությունը ռիսկեր է առաջացնում. Աղաջանյանը` «Հայաստանի» հայտարարության մասին

Էդուարդ Աղաջանյանը նշեց, թե Ադրբեջանի ԱԺ–ին ուղղված հայտարարության մեջ կան դրույթներ, որոնց առնչությամբ վերաբերմունքը իշխանության և ընդդիմադիրների մոտ սկզբունքային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող ձևակերպումները նախապապատերազմյան արտաքին քաղաքականության շարունակությունն ու կրկնությունն են։ Աժ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` ներկայացնելով իրենց անհամաձայնություններն ընդդիմադիրների բերած հայտարարությանը։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ուզում են, որԱԺ-ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր, թե իրենց առաջարկած հայտարարության որ դրույթների հետ համաձայն չեն իշխանականները։
«Աշխատանքային կարգով ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ Ցավոք` կան դրույթներ, որոնց առնչությամբ վերաբերմունքը երկու կողմերի մոտ սկզբունքային է և համաձայնության գալու հնարավորություն չեղավ։ Մեր գնահատականն այն է, որ 30 տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքն այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր»,–ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմինաբանությունն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Ուստի իրենք էլ՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չեն կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։
ՔՊ–ն դեմ է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը. Թևանյանը մանրամասնեց