ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը վերաձևակերպել է «Հյուսիս–Հարավ» նախագիծն ու ներկայացնում է այն «Հայկական խաչմերուկ» հայեցակարգի շրջանակում։ Երևանը համոզված է, որ այդ սցենարի իրագործումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական շահերին, ինչպես նաև այնպիսի խոշոր խաղացողների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը։ Այս մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը հայտարարեց ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի ուսումնասիրման եվրասիական IV գիտաժողովի բացման ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկրի իշխանությունը վերաձևակերպել է «Հյուսիս–Հարավ» նախագիծն ու վերածել այն «Հյուսիս–Հարավ–Արևելք–Արևմուտք» ծրագրի։ Արդյունքում «Հայկական խաչմերուկը» Հայաստանը կմիացնի Իրանի և Ադրբեջանի, ինչպես նաև Նախիջևանի և Թուրքիայի հետ։
«Հայաստանը հաշվի է առնում Եվրասիական տարածաշրջանում ընթացող միջազգային գործընթացներն ու իրադարձությունների հնարավոր զարգացումը Հարավային Կովկասում», – ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով` «Հայկական խաչմերուկ» հայեցակարգը ենթադրում է, որ տրանսպորտային ապաշրջափակումից հետո հանրապետությունը կապող օղակ կդառնա Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով։ Նա նշեց, որ «Հայկական խաչմերուկը» զգալի դեր կարող է խաղալ ինչպես ԵԱՏՄ–ում Իրանի ինտեգրման տեսանկյունից, այնպես էլ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում։
Ծառուկյանն ընդգծեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է զարգացնել տրանսպորտային և էներգետիկական ենթակառուցվածքները հարևան երկրների հետ, դուրս գալ տրանսպորտային շրջափակումից։ Երևանում կարծում են, որ տնտեսական կապերի ապաշրջափակումն ու զարգացումը կարող են դառնալ տարածաշրջանային կայունության հիմնաքարը։
Պաշտոնյաները նշել են, որ ներկա պահին հայ–չինական հարաբերություններում մի շարք չօգտագործած հնարավորություններ կան տարբեր ոլորտներում` տնտեսությունից մինչև զբոսաշրջություն։ Ըստ Ծառուկյանի` Չինաստանին կարող է հետաքրքիր լինել Հայաստանի տարանցիկ ներուժը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Գոհար Բարսեղյանն իր հերթին մատնանշել է Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության զարգացող տեմպերը։
Գիտաժողովի ժամանակ ելույթ ունենալով Բարսեղյանը հիշեցրեց, որ Չինաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի համար արտաքին քաղաքականության մեջ հիմնական գործընկերներից մեկն է։
«Չինաստանի հետ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը վերջին 6 ամիսներին 1/3–ով աճել է։ Զարգացման եվրասիական բանկի կանխատեսմամբ` մինչև 2022 թվականի վերջը ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 230-250 մլն դոլարի», – ասաց նա։
Համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում Բարսեղյանը նշեց արդյունաբերության ոլորտը, տնտեսության առանցքային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, առևտրի ընթացակարգի պարզեցումն ու չինական շուկայում ԵԱՏՄ անդամ երկրների ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։