ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել։ «Հայկական մշակութային ժառանգություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակը կանադահայ նկարիչ Գևորգ Ջորջ Կասաբյանն է, որն իր ստեղծագործություններում ներկայացրել է հայկական ազգային գորգերի նախշերը։
Գևորգ Կասաբյանի ստեղծագործությունները
© Photo : provided by Kevork-George Kassabian
Նկարիչը դրանցով հետաքրքրվում է 2000-ականներից։ Նա ուսումնասիրել է հայկական ազգային գորգերի նախշերը և գրաֆիկական նկարներ արել։
«Արդյունքում ես մեծ թվով գրաֆիկական գծանկարներ կուտակեցի, և շատ էի ուզում մեր ինքնատիպ զարդանախշերն օգտագործել իմ արվեստում, որի ոճը ես որպես մինիմալիզմ եմ բնորոշում։ Բայց այն ժամանակ ես դեռ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է դա լինի»,-պատմեց Կասաբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Գևորգ Կասաբյանի ստեղծագործություններից
© Sputnik / Aram Nersesyan
Եվ միայն մոտ չորս տարի առաջ նա սկսել է աշխատել «Հայկական գորգեր» խորագրով հավաքածուի վրա։ Այսօր հավաքածուն բաղկացած է մոտ 90 կտավից։ Կասաբյանն իր կտավները մի քանի անգամ է ցուցադրել Հայաստանում` Վանաձորում, Գյումրիում, աշխատանքների մի մասը մինչ օրս ներկայացված է «Սարդարապատ» ազգագրական թանգարանում։
Ապագայում նկարիչը նախատեսում է «Հայկական գորգեր» հավաքածուի ցուցահանդեսներ կազմակերպել նաև Եվրոպայում և Կանադայում։ Նրա նպատակը հայկական արվեստի հանրահռչակումն է Արևմուտքում։
Գևորգ Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպում։ Նա չորս մասնագիտություն ունի` ինժեներ-մեխանիկի, ծրագրավորողի, արվեստաբանի և հոգեբանի։ 1975 թվականից Կանադայի Քանդակագործների ընկերության անդամ է։ Կասաբյանի առաջին անհատական ցուցահանդեսը Կանադայում կազմակերպվել է 1973 թվականին, իսկ Հայաստանում՝ 2004 թվականին։
Գևորգ Կասաբյան
© Sputnik / Aram Nersesyan
«Հայկական մշակութային ժառանգություն» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը:
Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Twitter-ում հայտնել էր, որ Կանադան իր դեսպանատունն է բացում Հայաստանում:
Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Twitter-ում հայտնել էր, որ Կանադան իր դեսպանատունն է բացում Հայաստանում: