Երևանում այսօր հարգանքի տուրք են մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին։ Ականավոր զորահրամանատարի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ ՀՀ ՊՆ–ի, ՌԴ դեսպանատան, «Ռուսական տան», Երևանում «Մոսկվայի տան», ինչպես նաև Հայաստանի վետերանների միության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել նրա հուշարձանին։
Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը խորհրդային տարիների ականավոր զորավար է, Խորհրդային Միության մարշալ (1955), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944 և 1977)։
Մեծ զորավարի ճակատագիրն առանձնահատուկ է. Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նա ոչ մի անգամ չի վիրավորվել, բայց նրա կյանքը բազմաթիվ անգամներ է մազից կախված եղել։
Գեներալ–մայորի, այնուհետև նաև գեներալ–լեյտենանտի կոչում Բաղրամյանին շնորհվել է 1941 թվականի ճակատամարտի համար։ Զորավարը ցուցաբերել է իր տաղանդն ու առանձնակի աչքի ընկել Բելառուսական և Արևելապրուսական գործողությունների անցկացման ժամանակ։ Առանձնացել է իրավիճակի մոտալուտ փոփոխություններին ճկուն արձագանքելու կարողությամբ։